Առնվազն 500 հայ ողջակիզվեց ամենադաժան ձեւերով.Գրիգորի Այվազյան

Ադրբեջանում հայերի ցեղասպանությունը ապացույցն է, որ ադրբեջանցի թուրքերի եւ արցախահայերի՝ մեկ պետության սահմաններում համատեղ խաղաղ գոյակցությունն անհնար է: Այս մասին այսօր՝ հունվարի 13-ին, Բաքվում հայերի ջարդերի 30-րդ տարելիցին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց Ադրբեջանահայերի ասամբլեայի ղեկավար Գրիգորի Այվազյանը:

«Այն, ինչը տեղի է ունեցել Բաքվում, Ադրբեջանի ղեկավարության կողմից նախապատրաստած ծրագիր էր, բոլոր հասցեներով իմանալով համատեղ գործողություն էր: Նրանք նախ փորձում էին Բաքուն ազատել հայերից, հետո այդ ցեղասպանական մեքենան տեղափոխել Արցախ: Առնվազն 500 հայ ողջակիզվեց ամենադաժան ձեւերով, որը պատկերացնելն անգամ ահասարսուռ է եւ այդ երկիրը հիմա փորձում է ինչ-որ կարգավիճակ առաջարկել, բարբաջել տարածքային  ամբողջականության վերաբերյալ այն պարագայում, երբ սեփական խաղաղ քաղաքացիներին իրենց մայրաքաղաքում մորթի նախաձեռնողն են եղել: Մենք կորցրել ենք ամեն ինչը բայց մեր խնդիրը կարող է ծառայել մեր հայրենիիքին եւ արդարության հասնելուն»,- ասաց Գրիգորի Այվազյանը:

Նրա խոսքով` պաշտոնական վիճակագրությամբ Ադրբեջանում ապրել են կես միլիոն հայեր, իսկ միայն Բաքվում մոտ 250 հազարից ավելի: Սումգայիթի, Բաքվի եւ Գանձակի  (Կիրովաբադ) ջարդերից հետո Ադրբեջանից Հայաստան է ներգաղթել մոտ 404 հազար հայ, որից ժամանակի ընթացքում մնացել է 360 հազար:

Գրիգորի Այվազյանը հավելեց, որ Խորհրդային Հայաստանն այս գործողությունները մի քանի անգամ ճանաչել է որպես ցեղասպանություն, եւ կարծում է, որ նորանկախ Հայաստանը պետք է վերահաստատի նախկինում ընդունված դիրքորոշումները:

Նրա խոսքով` ադրբեջանահայության հիմնախնդիրը, իհարկե, պետք է դառնա բանակցային սեղանի քննարկման առարկա. «Ադրբեջանում հայերի կրած զրկանքները՝ բարոյական, նյութական, տարածքային վնասների խնդիրը պետք է դրվի բանակցային սեղանին: Ոչ թե խոսվի, այսպես կոչված, Ղարաբաղի ադրբեջանական համայնքի, այլ կես միլիոնանոց ադրբեջանահայ համայնքի ոտնահարված իրավունքների մասին, որը փաստացի այս 30 տարիների ընթացքում ստվերում է մնացել: Ճիշտ օգտագորշման պարագայում դա զուտ հումանիտար հարց չէ: Կարող է մեր երկրի համար բերել բաղձալի լուծումներ, որոշումներ»:

ԱՎԵԼԻՆ