Այսօր Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության  5-րդ տարելիցն է

Այսօր լրանում է Գյումրիում  Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության  5-րդ տարելիցը:

5 տարի առաջ այս օրը Ավետիսյանների հարևանուհին ընտանիքի վեց անդամներին գտավ սպանված, իսկ փոքրիկ Սերյոժային՝ ծանր վիրավոր։

Դժբախտ ընտանիքի երբեմնի շեն տունը կամաց–կամաց ավերակի է վերածվում։ NEWS.am-ի հետ զրույցում Ավետիսյանների փեսան` Արթուր Կոշտոյանը պատմեց, որ տունը հետզհետե փլվում է, ցանկանում են վերանորոգել, սակայն ֆինանսական միջոցներ չունեն:

«Հատակի էս հատվածը էլի նույնությամբ փլվել է խոնավությունից։ Էս տունը ուղղակի էն տունը չէր։ Մեծ ցանկություն կար, որ էս տունը վերանորոգվեր, հիմնանորոգվեր, որ մնար որպես հիշատակ, հիմա էս վիճակն է։ Մենք սայթերում հայտարարություն էինք թողել էն ժամանակ, բայց հմի արդեն հուսալքված վիճակ է։ Հիմա արդեն քիչմ էդ պահը անցել է, սառել է, դժվար էլ հարմար մարդ գտնվի իմ կարծիքով»,-ասում է նա:

Սպանության համար մեղադրվող՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին ընդունել է իր մեղավորությունը, դատապարտվել ցմահ ազատազրկման։ 8 ամիս տեւած դատաքննություննից հարազատները դժգոհ են, նրանց համար չի բացահայտել տեղի ունեցածը։

Վալերի Պերմյակովը պատմել է, թե զորամասը լքելու պատճառը հայրենի Չիտա վերադառնալն է եղել եւ Ավետիսյանների տունը պատահաբար է ընտրել, քանի որ դուռը բաց է եղել։ Մտել է, ջուր է խմել, հետո երբ ցանկացել է հեռանալ, արթնացել է Ավետիսյանների դուստրը, վերցրել հեռախոսն ու սպառնացել զանգել ոստիկանություն, ինչից հետո նա կրկելով սպանել է նրան։ Պերմյակովն ասել է, թե ինքնաբերաբեր է կրակել Ավետիսյանների վրա։ Հարազատները չեն հավատու, թե նա միայնակ է եղել։

Դատական գործընթացքից հիասթափված՝ Ավետիսյանների ընտանիքի հարազատներից շատերը հեռացել են Հայաստանից։ Նրանք դիմել են Եվրոպական դատարան, մինչ այսօր արդարադատություն են պահանջում։

 

ԱՎԵԼԻՆ