Նոր ներդրված բալային համակարգից հիմնականում դժգոհ են նրանք, ովքեր շատ են խախտումներ անում. Սերգեյ Ղահրամանյան

Հայաստանում տեղի ունեցող մահվան ելքով վթարների 30-40 տոկոսի դեպքում զոհերը գտնվում են վթարի վայրում մեքենայից դուրս շպրտված. դա ամրագոտու չկիրառման տարրական կանոնների խախտման հետեւանք է: Այս մասին այսօր` հունվարի 11-ին, կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ Ոստիկանությանը կից հասարակական խորհրդի անդամ, «Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը:

«Դա հնարավոր է շատ հեշտ լուծել: Մեկ օրինակ բերեմ, 2008 թվականին կար 407 զոհ, եթե չեմ սխալվում, եւ 2009 թվականին անվտանգության խորհուրդ ստեղծվեց, որի ժամանակ շատ խիստ դրվեց ամրագոտու հարցը: Այդ տարի շատ խիստ էր կիրառվում այդ պահանջը եւ հաջորդ տարի մինուս 82 զոհ եղավ: Այսինքն՝ իր ազդեցությունը գործել է ամրագոտու կիրառումը»,-ասաց նա:

Անդրադառնալով բալային համակարգին` Ղահրամանյանը նշեց, որ նոր ներդրված բալային համակարգից հիմնականում դժգոհ են նրանք, ովքեր իսկապես շատ են խախտումներ անում:

«Որ իրենց հարցնում ես` ինչու ես խախտում անում, ասում են` լավ եմ ան ում, կամ ինչ կուզեմ, կանեմ: Մի մասն էլ դժգոհողների, որը իմ համար անհասկանալի է, որ շատ քիչ են վարում եւ ասում են` հենց քշեմ, կզրկվեմ: Տուգանային միավորները երբ որ սպառվում են, վարորդական իրավքունքը կասեցվում է 6 ամսով եւ 6 ամսից որեւէ գործողություն չանելով նորից վերականգնվում է: Սակայն կա նաեւ հնարավորություն, որ 3 ամսից կարող է վարորդը թեստայի քննություն հանձնի եւ վերականգնի վարորդական իրավունքը»,-ասաց նա:

Ղահրամանյանը նշեց, որ նաեւ ուրախալի վիճակագրություն կա, որ օնլայն տաքսի ծառայությունում աշխատող վարորդը մեկ տարվա  ընթացքում 5000 ուղեւորություն է իրականացրել, եւ ունի մեկ խախտում:

ՀՀ Ոստիկանությանը կից հասարակական խորհրդի անդամը նաեւ նշեց, որ նախնական գնահատումներով այս տարի քաղաքացիները 7-8 միլիարդ ավելի քիչ են տուգանք վճարելու բալային համակարգով, քան նախկինում էր:

ԱՎԵԼԻՆ