Ռոհանին հանդես է եկել Թեհրանի մոտ ուկրաինական ինքնաթիռի կործանման վերաբերյալ պաշտոնական հայտարարությամբ

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հանդես է եկել Թեհրանի մոտ ուկրաինական ինքնաթիռի կործանման վերաբերյալ պաշտոնական հայտարարությամբ՝ հաստատելով, որ ինքնաթիռը խփվել է մարդկային սխալի պատճառով։

«Գեներալ Ղասեմ Սոլեյմանիի նահատակվելուց հետո Իրանի ժողովրդի դեմ ագրեսիվ ամերիկյան ռեժիմի սպառնալիքների եւ ահարկումների մթնոլորտում, ամերիկյան բանակի հնարավոր հարձակումներից պաշտպանվելու նպատակով, Իրանի Իսլամական Հանրապետության Զինված ուժերը գտնվում են լիակատար պատրաստվածության վիճակում, ինչը, ցավոք, հանգեցրել է այս ահավոր աղետին, որը տասնյակ անմեղ մարդկանց կյանք է խլել մարդկային սխալի եւ սխալ հրաձգության պատճառով»,- նշվում է Հասան Ռոհանիի հայտարարությունում։

Իրանի նախագահը նաեւ խորին ցավակցություններ է հայտնել ողբերգության առիթով եւ հայտարարել, որ ինքնաթիռի կործանման մեղավորները պատասխանատվության կենթարկվեն։

Թվիթերի իր միկրոբլոգում Հասան Ռոհանին գրել է նաեւ այն մասին, որ Թեհրանի մոտ ուկրաինական ինքնաիթռի կործանման պատճառը մարդկային սխալի հետեւանքով արձակված հրթիռներն էին։

«Զինված ուժերի ներքին հետաքննությունը եկել է եզրակացության, որ, ցավոք, մարդկային սխալի հետեւանքով արձակված հրթիռները դարձել են ուկրաինական ինքնաթիռի կործանման ահավոր աղետի եւ 176 անմեղ մարդու մահվան պատճառ»,- գրել է Իրանի նախագահը։

Նա նշել է, որ ինքնաթիռի կործանման հետաքննությունը շարունակվում է։

Հիշեցնենք, որ հունվարի 8-ի առավոտյան Թեհրանում կործանվել էր ՈւՄԱ-ին պատկանող Boeing 737 ուղեւորատար ինքնաթիռը, որում 167 ուղեւոր եւ անձնակազմի 9 անդամ կային։ Նրանք բոլորը զոհվել են, նրանց թվում՝ ավելի քան 30 օտարերկրացի, այդ թվում՝ 11 ուկրաինացի։

Մինչ այդ Իրանը հերքել էր ԱՄՆ եւ Կանադայի հայտարարությունները, թե հետախուզական տվյալները վկայում են այն մասին, թե ինքնաթիռը միտումնավոր խփվել է հրթիռով։

ԱՎԵԼԻՆ