Ինչպես դեմքի մաշկը խնամել տան պայմաններում

Դեմքի մաշկը մշտական խնամք է պահանջում: Կյանքը քաղաքում, որտեղ շատ մեքենաներ, փոշի ու այլ անբարենպաստ գործոններ կան, նպաստում է դեմքին սեւ ու սպիտակ կետեր հայտնվելուն, որոնք վերացնելու համար պետք է դեմքի մաքրման պրոցեդուրաներ անել: Սակայն մեզ ոչ միշտ է հարմար գեղեցկության սրահներ այցելելը: Իսկ տանը մենք կարող ենք հետեւյալն անել .

Դեմքը մաքրելու մեխանիկական ձեւ

Նախ անհրաժեշտ է մաքրել շպարը լոսյոնի կամ կաթի օգնությամբ, որից հետո խորհուրդ է տրվում թեթեւ պիլինգ անել: Այնպիսի սկրաբ ընտրեք, որ հատիկները չափից խոշոր չլինեն, որպեսզի չվնասեն նուրբ մաշկը: Կարելի է ինքնուրույն պատրաստել սքրաբ: Դրա համար պետք է եփած բնական սուրճի մնացորդը խառնել 1 ճ գդալ թթվասերի կամ մածունի հետ: Սկրաբը 1-3 րոպե շրջանաձեւ շարժումներով քսեք դեմքի խոնավ մաշկին: Բորբոքված մաշկը պիլինգ անել չի կարելի, նման դեպքերում դեմքին թաղանթանման դիմակ են քսում:

Ջրով մաքրեք սկրաբը, պատրաստվեք հաջորդ պրոցեդուրային: Եռացրեք մոտավորապես երկու լիտր ջուր: Եռման ջրի փոխարեն կարելի է օգտագործել նաեւ դեղաբույսերի եփուկներ: Դրանք դրական ազդեցություն կթողնեն մաշկի վրա, կհանեն գրգռվածությունը, կօգնեն ազատվել ճարպոտությունից / կամ թեփից/:

Գլուխը կռացրեք եռման ջրի վրա ու փակեք մեծ սրբիչով: Բուժակարգը մոտավորապես 10-15 րոպե կտեւի, սակայն արդեն մի քանի րոպե անց մաշկը կսկսի ուժեղ քրտնել: Ավելորդ խոնավությունը զգուշորեն սրբեք մաքուր սրբիչով. հիշեք որ մաշկը տրորել չի կարելի, որպեսզի չվնասեք այն:

Շոգելոգանքից հետո մաշկի ծակոտկիները բացվում են: Հիմա մեխանիկական միջոցներով, թեթեւակիորեն սեղմելով երկու կողմերից, մաշկի վրայից հեռացնում ենք ճարպային խցանումները՝ սեւ կետերը, նախապես պարտադիր օճառով լվանալով ձեռքերը եւ սպիրտով սրբելով, որպեսզի որեւէ վարակ չանցկացնեք:

Մաքրելուց հետո ծակոտկիները պետք է նեղացնել: Դրա համար խորհուրդ են տալիս դեմքը մաքրել սպիրտ պարունակող տոնիկով կամ էլ ջրով բացված կիտրոնահյութով: Դրանից հետո խոնավացնող քսուք քսեք: Մեխանիկական մաքրումից հետո մաշկը կարող է մի քիչ կարմրել: Կարմրությունը մեկ օրից կանցնի: Էֆեկտի պահպանման համար դեմքը մաքրեք օրական երկու անգամ՝ առավոտյան ու երեկոյան, օգտագործեք դեմքի սկրաբներ ու դիմակներ:

ԱՎԵԼԻՆ