Մենք միայն կողմ ենք եղել այն վարկային համաձայնագրերին, որոնք եղել են խիստ նպատակային.Սերգեյ Բագրատյան

Իշխանության մեր գործընկերներից ոմանք այնպիսի տեքստեր էին հնչեցնում, որ ուղղակի անհասկանալի էր, թե ինչ կապ ուներ քննարկվող թեմայի հետ: Այս մասին այսօր` դեկտեմբերի 14-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

«Նախորդ նիստին ընդհանուր առմամբ 152 մլն դոլարի վարկային համաձայնագրեր են եւ այս 4 ծրագիրը տարբեր ժամանակահատվածներով եւ տարբեր տոկոսադրույքներով առաջարկվում էր, որ ԱԺ-ն վավերացներ, եւ մենք բյուջեի դեֆիցիտի պատճառով օգտագործեինք այս միջոցները: Ցավոք սրտի, իշխանության մեր գործընկերներից ոմանք այնպիսի տեքստեր էին հնչեցնում, որ ուղղակի անհասկանալի էր, թե ինչ կապ ուներ քննարկվող թեմայի հետ եւ էդտեղ է, որ Աստվածաշնչյան խոսքեր ես հիշում` «Երանի  նրան, ով հոգով աղքատ է» եւ մարդիկ չպատկերացնելով, թե ինչի մասին է խոսքը եւ ինչ անհանգստություն կա, ցանկանում են մեկ շնչով այս 152 միլիոնի վարկային բեռը դնել մեր հանրության ուսերին: Մենք փորձեցինք ներկայացնել այն խնդիրները, որը մենք տեսնում ենք եւ զարմանալին այն է, որ շատերը առանց ուսումնասիրելու նախորդ իշխանության ժամանակ մեր մոտեցումները ընդհանրապես վարկային համաձայնագրերին, միաձայն  հայտարարում են, որ ԲՀԿ-ն նախկինում էլ կողմ է եղել վարկային պայմանագրերին, ինչո՞ւ են հիմա դեմ այս համաձայնագրերին:

Պատգամավորը նշեց, որ իրենք միայն կողմ են եղել այն վարկային համաձայնագրերին, որոնք եղել են խիստ նպատակային:

«Ասենք 200 միլիոն դոլարի Ռուսաստանի զենքի մատակարարման վարկային պայմանագիրը, իհարկե, մենք կողմ ենք քվեարկել, կողմ ենք քվեարկել նաեւ Գյումրիին հատկացվելիք վարկային պայմանագրին, որովհետեւ գիտեք` Գյումրին ինչ վիճակում էր եւ վերականգնումը խիստ կարեւոր էր մեր երկրի համար»,- ասաց նա:

Պատգամավորը մտահոգիչ էր համարում այն, որ  ֆինանսների փոխնախարարը ասել է, որ այս վարկերը ազատ են տնօրինման եւ օգտագործման:

«Սա, իհարկե, նորություն էր, մենք դեռ այս մասով պետք է հարցադրումներ անենք, եւ եթե ցածր տոկոսադրույքներով են եւ վերաֆինանսավորմամբ կարող ենք փակել նախորդ վարկային պարտավորությունները, մենք կողմ կլինենք, բայց մենք հայտարարում ենք, որ հետեւողական ենք լինելու, թե էս վարկային ռեսուրսները որտեղ են գնալու, ուր են ուղղվելու:  Մեր անհանգստությունը հիմքեր ունի,  եւ փորձում ենք մեր գործընկերներին հուշել, որ կարող են անարդյունավետ ծախսերի միջոցով փոշիացվել այս վարկերը, ինչը վերածվեց քաղաքական բանավեճի»,- հավելեց պատգամավորը:

Նշենք, որ ԲՀԿ-ն դեմ է քվեարկել այս վարկային համաձայնագրերի վավերացմանը:

ԱՎԵԼԻՆ