Առանց ԼՂ-ի մասնակցության բանակցությունների 23 տարին ոչ մի համաձայնագրի չի հանգեցրել.Կազիմիրով

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը եւ այն ուժով լուծելու փորձը առաջացրեց ԽՍՀՄ-ում առաջին հակամարտությունը: Այս մասին դեկտեմբերի 13-ին հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ-ից նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը՝ ելույթ ունենալով Երեւանում ընթացող «Լազարյան ակումբի» նիստում:

Կազիմիրովը շեշտեց, որ Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի բանակցությունները հանգեցրել են հրադադարի եւ հրադադարի ամրապնդման մասին համաձայնագրի: «Իսկ ահա առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության բանակցությունների 23 տարին ոչ մի համաձայնագրի չի հանգեցրել»,- շեշտեց Կազիմիրովը՝ հավելելով, որ հիմա շփման գծում եւ սահմանին լարվածությունը մի փոքր նվազել է, բայց հաստատուն խաղաղություն չկա:

Նախկին համանախագահը նշեց, որ տարիների ընթացքում մոռացվում է, թե հրադադարն ինչպես է ձեռք բերվել, բացի մի կողմի ակնհայտ դիտավորյալ խեղաթյուրումները եւ պարզապես ցավալի սխալները: Այս կապակցությամբ նա հերթական անգամ հիշեցրեց Ռուսաստանի դերը հրադադարին հասնելու գործում:

«Ադրբեջանցիներն ամբողջ ժամանակ փորձում էին հասնել ուժային լուծման, բայց հայտնվեցին վիճակում, երբ ձմնեռային հարձակումը ձախողվեց եւ լուրջ սպառնալիք առաջացավ Տերտերում: Եթե հայերը ճակատը ճեղքեին, Եվլախ դուրս գալը թույլ կտար կտրել Ադրբեջանի հյուսիս-արեւմուտքը»,- նշեց Կազիմիրովը: Շուտով հաջողվեց ստորագրել Բիշքեկյան արձանագրությունը, իսկ այնուհետեւ հրադադարի համաձայնագիրը:

Կազիմիրովը շեշտեց, որ փաստաթուղթը ստորագրվել է Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ, եւ միայն ավելի ուշ է հաջողվել միացնել Հայաստանին: Սա կապված էր Հեյդար Ալիեւի քմահաճույքի հետ, որը չէր ցանկանում փաստաթուղթը ստորագրել միայն Լեռնային Ղարաբաղի հետ:

ԱՎԵԼԻՆ