Թանկարժեք հագուստով մարդիկ որպես ավելի բանիմաց են ընկալվում

Գնահատելով ուրիշի բանիմացությունը՝ մարդիկ ուշադրություն են դարձնում առաջին հերթին նրա արտաքին տեսքին։ Նման եզրակացության են եկել ամերիկյան հետազոտողները, գրում է Nature Human Behaviour պարբերականը, տեղեկացնում է Planet- today-ը։

Մի քանի հարյուր կամավորների մասնակցությամբ կատարված փորձերը ցույց են տվել, որ մարդիկ որպես ավելի բանիմաց են ընկալում նրանց, ովքեր թանկարժեք եւ ներկայացուցչական հագուստ են կրում։ Բայց դա կարող է հանգեցնել լուրջ սխալների, քանի որ բանիմացությունը, այնուամենայնիվ, լավ հագնվելու ունակություն չէ, այլ որոշակի գիտելիքների եւ իմացության առկայություն։

Նյու Յորքի համալսարանի աշխատակիցները կամավորներին ցույց են տվել նույն մարդկանց լուսանկարները՝ էժան ու թանկ հագուստներով, իսկ հետո խնդրել են գնահատել լուսանկարներում պատկերված մարդկանց բանիմացությունը։ Ավելի թանկ հագուստով մարդկանց ճանաչել են ավելի բանիմաց անգամ այն դեպքերում, երբ լուսանկարները ընդամենը մի քանի վայրկյան են ցուցադրվել։ Վերջին հանգամանքը հաստատում է այն տեսությունը, որ առաջին տպավորության ստեղծման համար մի ակնթարթն էլ բավական է։

«Իրականում արտաքին տեսքը բնավ միշտ չէ, որ հարաբերակցվում է մարդու բանիմացության հետ։ Հիշեք այս ճշմարտության մասին, երբ պետք է իսկական պատկերացում կազմեք ինչ-որ մեկի բանիմացության վերաբերյալ։ Դա կարող է պաշտպանել ձեզ անբարեխիղճ մարդկանցից եւ խաբեբաներից»,- եզրակացնում են հետազոտողները։

ԱՎԵԼԻՆ