Սպանության փորձ՝ Տավուշի մարզում. 34-ամյա տղամարդը ներգրավվել է որպես մեղադրյալ․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու Դիլիջանի 31-ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները, հայտնում են ՀՀքննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Նախնական տվյալներով՝ 11.12.2019թ.` ժամը 22:15-ին, Դիլիջանի ԲԿ-ից ոստիկանության Դիլիջանի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել Դիլիջանի 31-ամյա տղամարդ:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ 2019թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, Դիլիջանի Թբիլիսյան խճուղում գործող գազալցակայանի բակում, նույն համայնքի 34-ամյա բնակիչը` քննությամբ դեռևս չպարզված շարժառիթով, 31-ամյա համաքաղաքացուն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ ապօրինի կերպով պահվող հրազենով երեք անգամ կրակել է 31-ամյա տղամարդու մարմնի տարբեր հատվածներին՝ վերջինիս պատճառելով «աջ գոտկային, ձախ ազդր միջանցիկ և վերցայլքային շրջանի կույր հրազենային վնասվածքներ», սակայն իր կամքից անկախ հանգամանքներում չկարողանալով հանցագործությունն ավարտին հասցնել՝ դիմել է փախուստի:

Դեպքի առթիվ Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործով 31-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող: Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություններ, առգրավել են տուժողի հագուստները, հարցաքննվել են դեպքին ականատես անձինք, նշանակվել է դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա որոշում է կայացվել՝ 34-ամյա տղամարդուն ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի մասի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին: 34-ամյա տղամարդու նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը՝ միջոցներ ձեռնարկել՝ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԱՎԵԼԻՆ