Տիգրան Խաչատրյանը ԱՄՀ ներկայացուցիչների հետ քննարկել է տնտեսական բարեփոխումների ընթացքը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի նոր առաքելության ղեկավար Նաթան Պորտերին և ՀՀ-ում ԱՄՀ  մշտական ներկայացուցիչ Յուլիա Ուստյուգովային։ Այս մասին տեղեկացնում է նախարարության լրատվական ծառայությունը։

«Մենք ցուցաբերում ենք համահավասարություն հարկային և մաքսային վարչարարության հարցերում, ինչպես նաև գործունեության բոլոր այն ոլորտներում, որտեղ կան պետություն-մասնավոր փոխհարաբերություններ։ Համոզված ենք, որ Հայաստանի տնտեսության զարգացման ներուժը կարող է իրացվել, եթե կան հավասար մրցակցային պայմաններ․ սա է մեր հաջողության հիմնական գործոններից մեկը»,- նշել է Տիգրան Խաչատրյանը։

Նախարարը հյուրերի խնդրանքով ներկայացրել է միջազգային այն բոլոր ցուցիչները, որոնք նախարարության ուշադրության կենտրոնում են՝  նշելով, որ գործողությունների ծրագիրը մշակվում է այդ չափելի միջավայրում։ Նախարարն անդրադարձել է նաև գործարար միջավայրի բարելավմանն ուղղված քայլերին և դրա հիմքում ընկած մեթոդաբանությանը։

Կողմերը քննարկել են տնտեսական բարեփոխումների շրջանակը, ինչպես նաև  ԱՄՀ  աջակցության ծրագրերը։ Առաքելությունը հետաքրքրություն է ցուցաբերել Պետություն-մասնավոր գործընկերություն օրենսդրական շրջանակի մշակման և հաստատման ընթացքի նկատմամբ։

Քննարկում է ծավալվել նաև փոքր ու միջին ձեռներեցության զարգացմանն ուղղված քայլերի և ոլորտի ռազմավարության փաստաթղթի վերաբերյալ»։

 

ԱՎԵԼԻՆ