ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի մասին նախագիծն ընդունվեց․ «Իմ քայլը» ընդմիջում էր վերցրել․ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն դեմ էին

Ազգային ժողովն այսօր՝ դեկտեմբերի 11-ին հատուկ ընթացակարգով երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունեց Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքի նախագծերի փաթեթը։ Քվեարկությունից առաջ  «Իմ քայլը» խմբակցությունը 20 րոպե ընդմիջում խնդրեց, քանի որ իշխող խմբակցության պատգամավորների մեծ մասը դահլիճում չէին։

20 րոպե ընդումիջումից հետո, երբ «Իմ քայլի» պատգամավորներն արդեն տեղում էին, հարցը քվեարկության դրվեց։ Կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնության օգտին կողմ քվեարկեց 75 պատգամավոր, դեմ՝ 34։ Դեմ էին «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները։

ՀՀ կառավարության ներկայացրած «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվում է, որ, եթե Սահմանադրական դատարանի դատավորները, այդ թվում նախագահ Հրայր Թովմասյանը, օրենքի ընդունումից 2 ամսվա ընթացքում հրաժարական տան, ապա մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանան իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ:

Հիշեցնենք, որ երեկ Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքի նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվել էր։ Պետաիրավական հանձնաժողովն առաջարկել էր այս նախագծի համար սահմանել հատուկ ընթացակարգ, այն է՝ 2-րդ ընթերումը իրականացնել 24-ժամվա ընթացքում։

ԱՎԵԼԻՆ