Քնի ո՞ր ռեժիմը կարող է երկարացնել կյանքը

Եթե անգամ մարդը ֆիզիկապես ակտիվ է օրվա ընթացքում եւ չի ծխում, սրտի նոպայի ռիսկը նրա մոտ մնում է բարձր, եթե քիչ է քնում կամ, ընդհակառակը, քնում է շատ։ Այս մասին տեղեկացնում են Բոուլդերի (ԱՄՆ) Կոլորադոյի համալսարանի գիտնականները։

Ինչպես տեղեկացվում է MedicalXpress-ի մամլո հաղորդագրությունում, մասնագետներն ուսումնասիրել են 40-69 տարեկան 461 հազար մարդու գենետիկ տվյալները, քնի որակը եւ բժշկական գրառումները, որոնք երբեք սրտի նոպա չեն ունեցել։ Նրանց առողջական վիճակին շարունակել են հետեւել 7 տարվա ընթացքում։

Պարզվել է, որ նրանց համեմատ, ովքեր օրական 6-9 ժամ են քնել, 6 ժամից քիչ քնողների մոտ սրտի նոպայի հավանականությունը 20 տոկոսով ավելին է եղել։ Բայց նրանք, ովքեր քնել են 9 ժամից ավելի, տառապել են սրտի խնդիրներից 34 տոկոսով ավելի հաճախ։ Իսկ օպտիմալ քունը 18 տոկոսով նվազեցնում է ռիսկը գենետիկ նախատրամադրվածություն ունեցող մարդկանց մոտ։

Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ որքան ավելի ուժեղ են շեղումները քնի նորմալ ռեժիմից, այնքան սրտի նոպայի ռիսկն ավելի բարձր է։ Այսպես, օրական 5 ժամ քնող մարդկանց մոտ սրտի նոպայի ռիկսը 52 տոկոսով ավելի բարձր է եղել, քան նրանց մոտ, ովքեր քնել են 7-8 ժամ։ Նրանց մոտ, ովքեր քնել են 10 ժամ, դրա հավանականությունը բարձր է եղել  2 անգամ։

ԱՎԵԼԻՆ