Հանդիպել են Հայաստանի եւ Մոլդովայի ԱԳ նախարարները. Մնացականյանը ներկայացրել է Արցախի խնդիրը

Դեկտեմբերի 5-ին Բրատիսլավայում ընթացող ԵԱՀԿ համաժողովի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Մոլդովայի արտաքին գործերի եւ եվրոպական ինտեգրման նախարար Աուրելիո Չիոքոային:

Նախարար Մնացականյանը շնորհավորեց իր մոլդովացի գործընկերոջը պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ հաջողություններ մաղթեց այդ պատասխանատու առաքելության մեջ:

Զրուցակիցներն ընդգծեցին երկկողմ պատրաստակամությունը՝ գործնական քայլեր ձեռնարկելու պատմական ամուր կապերի վրա հիմնված հայ-մոլդովական հարաբերությունների առավել ամրապնդման եւ երկկողմ օրակարգի հետագա հարստացման ուղղությամբ: Այս համատեքստում կարեւորվեց տարբեր մակարդակներում երկխոսության ակտիվացումը, այդ թվում՝ արտգործնախարարությունների միջեւ պարբերական քաղաքական խորհրդակցությունների անցկացման միջոցով:

Երկուստեք բարձր գնահատվեց մոլդովահայ համայնքի դերը Մոլոդվայի հասարակական-քաղաքական կյանքում եւ ունեցած ներդրումը երկու երկրների միջեւ բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում:

Համագործակցության ավանդական ուղղությունների ակտիվացմանը զուգահեռ նախարարներն ընդգծեցին նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարության եւ ստեղծագործ կրթության ոլորտներում փորձի փոխանակմանն ուղղված ծրագրերի ներդրման կարեւորությունը: Որպես երկկողմ օրակարգի հարստացմանն ուղղված քայլեր՝ կողմերը նշեցին միջխորհրդարանական հարթակի ներուժի լիարժեք օգտագործումը:

Հայաստանի եւ Մոլդովայի արտգործնախարարները արժեւորեցին բազմակողմ հարթակներում երկու երկրների միջեւ փոխգործակցության առկա մակարդակը: Այս համատեքստում կողմերն անդրադարձան  ԵՄ Արեւելյան գործընկերության 10-ամյա հոբելյանին նվիրված նախաձեռնություններին եւ մտքեր փոխանակեցին ապագայի տեսլականի շուրջ:

Մոլդովայի ԱԳ նախարարներն անդրադարձ կատարեցին նաեւ միջազգային եւ տարածաշրջանային հրատապ հարցերի:

Անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր մոլդովացի գործընկերոջը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը եւ մոտեցումները:

ԱՎԵԼԻՆ