Թբիլիսիում Նոր տարուն ինչ պետք է տեղի ունենա, նույնությամբ արվում է մեզ մոտ.ԲՀԿ-ական

Եկեք խոստովանենք, որ Թբիլիսիում վերջին տարիներին զբոսաշրջային բում է, ես հույս ունեմ, որ մի օր Երեւանում էլ կկարողանանք այդ բումն ապահովել, բայց պետք է վերմակը մեր ոտքի գյորա մեկնենք: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Երեւանի ավագանու նիստում նշեց ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը:

«Հիմա փաստորեն նույնությամբ կրկնում ենք: Թբիլիսիում Նոր տարուն ինչ պետք է տեղի ունենա, նույնությամբ արվում է մեզ մոտ: Ասում են՝ դե եկեք մենք էլ տոնածառներ դնենք, լույսերը շատացնենք: Բայց եթե Թբիլիսին նույնականացնում եք Երեւանի հետ, պետք է նաեւ հաշվի առնեք այն, որ իրենց քաղաքապետը մասնավոր սեկտորին էր ներգրավել ամբողջ Ամանորյա տոնակատարությունների ծախսերի մասնաբաժնի մասով: Մենք Թբիլիսիի պրոյեկտի կրկնօրինակն ենք անում: Ի դեպ, Թբիլիսիում այս տարի քաղաքային իշխանությունը մեծ գումար է հատկացրել, բազում տոնածառների գնում պետք է իրականացնեն եւ դա իրենց համար մոտ մեկ մլն դոլար է արժեցել: Իսկ Թբիլիսին մեր քաղաքից 3 անգամ մեծ է»,-ասաց նա:

Առաքելյանը նաեւ նկատեց, որ իշխանությունն ուզում է զբոսաշրջություն զարգացնել, բայց ընդամենը երկու զուգարանի բյուջե է հաստատել. «Հետո ասում եք՝ Երեւան այցելեն զբոսաշրջիկները. Ո՞ւր այցելեն, եթե զուգարան չունենք նույնիսկ: Դուք ճոխ ծախս արեք, որ Նոր տարի նշեք»,-ընդգծեց նա:

ԱՎԵԼԻՆ