Թրամփը կարծում է, որ Թուրքիան ստիպված կլինի օդանավերի մատակարարման մասին պայմանավորվել ՌԴ-ի կամ Չինաստանի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Թուրքիան ստիպված կլինի օդանավերի մատակարարման մասին պայմանավորվել ՌԴ-ի կամ Չինաստանի հետ, քանի որ ռուսական Ս-400 համակարգերի գնումը ավելի շատ խնդիրներ է ստեղծում այդ երկրին F-35 կործանիչների վաճառքի համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ս-400-ի ձեռքբերումից հետո Թուրքիան հսկայական խնդիրներ ստացավ: Նա մեծ թվով F-35 էր պատվիրել, բայց հիմա Վաշինգտոնը կդժվարանա դրանք մատակարարել: Հնարավոր է, որ նրանք հիմա ստիպված լինեն օդանավերի համար դիմել Ռուսաստանին կամ Չինաստանին»,- ասել է Թրամփը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպումից հետո, որը տեղի է ունեցել Լոնդոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին:

«Թուրքերը դա չեն ուզում, նրանք ամենալավ օդանավերն են ուզում, բայց դա դժվար կլինի անել»,- հավելել է նա:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն իր հերթին հայտարարել է, որ Թուրքիայի կողմից Ս-400-ների ձեռքբերումը «չի ինտեգրվի ՆԱՏՕ-ի ՀՕՊ համակարգին», քանի որ անհամատեղելի է դաշինքի սպառազինությանը: Այս թեզը Ստոլտենբերգը հաճախ է կրկնում՝ չպարզաբանելով, թե Հունաստանի սպառազինության մեջ եղած Ս-300-ները ինչ կերպ են գործում այդ համակարգի շրջանակում:

Նա նաեւ նշել է, որ Թուրքիային կարեւոր դաշնակից է համարում, որն առանցքային դեր է խաղացել ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում, չնայած Սիրիայի հյուսիս-արեւելքում «Խաղաղության ակունք» գործողությամբ ՆԱՏՕ-ի մյուս անդամների մտահոգությանը:

ԱՎԵԼԻՆ