Բաքուն Բրատիսլավայում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով նախարարական հանդիպումից առաջընթացի հույս ունի. Մամեդյարով

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում որոշակի առաջընթաց է սպասում Բրատիսլավայում հայ գործընկեր Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպման արդյունքներով, հայտնում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»:

«Գոյություն ունեցող ստատուս քվոն ոչ մեկին ձեռնտու չէ: Համանախագահները ամեն հայտարարության մեջ սա շեշտում են: Անհրաժեշտ է լուծում գտնել»,- ասել է Մամեդյարովը Բաքվում ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում:

Ընդ որում՝ Մամեդյարովը նշել է, որ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպման արդյունքներով (տեղի է ունենալու դեկտեմբերի 4-ին Բրատիսլավայում) բանակցային գործընթացում որոշակի առաջընթացի հույս ունի:

Մամեդյարովը նաեւ մեկնաբանել է Մնացականյանի այն հայտարարությունը, որ հանդիպմանը քննարկվելու է Ղարաբաղի կարգավիճակն ու անվտանգությունը: «Կարգավիճակի հարցում ամեն ինչ պարզ է: Բնակչությունը պետք է վերադառնա նորմալ կյանքի: Ինչ վերաբերում է անվտանգությանը, ապա այստեղ կա հարցի հայկական ընկալումը եւ մերը: Կա այն բանի ընկալումը, որ առաջին հերթին զինված ուժերը պետք է վերադառնան զորանոցներ: Այո, անվտանգությունը կարեւոր է: Բայց այն կարեւոր է նաեւ Ադրբեջանի համար, Ղարաբաղում նրա բնակչության համար: Լեռնային Ղարաբաղից փախստականները պետք է վերադառնան նորմալ կյանքի: Մենք դիմել ենք համանախագահներին՝ կապված զեկույց պատրաստելու հետ իրավիճակի գնահատման եւ անվտանգության հարցի լուծման մասին: Դրա համար անհրաժեշտ են լուրջ առարկայական բանակցություններ: Ես կարծում եմ, որ վաղը մենք կբացենք այդ նոր առարկայական բանակցությունները»,- հայտարարել է Մամեդյարովը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նախօրեին հայտարարել էր, որ Բրատիսլավայում առաջիկա հանդիպման ժամանակ քննարկվելու է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերի համալիր:

Նախարարը նշել էր, որ կա հարցերի միասնական փաթեթ, որոնք վերաբերում են կարգավորմանը եւ մթնոլորտին առնչվող հարցերին, որում գործընթացն ընթանում է: Դրանք բոլորը կարեւոր նշանակություն ունեն համալիրում, հայտարարել էր ԱԳՆ ղեկավարը. «Մեր դիրքորոշումը հայտնի է: Մեր առաջնահերթություններն են՝ Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը եւ նրա կարգավիճակը»: Նախարարը շեշտել էր, որ հայկական կողմը հանձնառու է խաղաղ կարգավորմանը՝ անցած 1,5 տարում խաղաղ գործընթացում մասնակցության լրջություն ցուցադրելով:

ԱՎԵԼԻՆ