ՌԴ-ն հույս ունի, որ Ադրբեջանը, ՀՀ-ն եւ ԵԱՀԿ ՄԽ երկրները Բրատիսլավայում հնգակողմ հայտարարություն կընդունեն. Լավրով

Ռուսաստանը եւ Ադրբեջանը կարծում են, որ ղարաբաղյան կարգավորման հարցում փոխզիջում գտնելու հնարավորություններ կան։ Այս մասին երեքշաբթի ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ մամուլի ասուլիսում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք ունենք ըմբռնում, որ գոյություն ունեն փոխզիջման հասնելու հնարավորություններ (ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում)։ Հեշտ չէ։ Այդ հակամարտությունը ԱՊՀ տարածքում ամենաերկարատեւներից է»,- նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

«Երախտապարտ ենք ադրբեջանցի բարեկամներին, որ այն գաղափարները, որոնք ՌԴ-ն առաջ է մղում (երկկողմ առումով եւ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող), ըմբռնում են գտնում,- ասել է Լավրովը,- այսօրվա եւ երեկվա շփումները մեզ թույլ տվեցին ավելի լավ հասկանալ, թե ինչպես փորձենք առաջ շարժվել։ Հույս ունեմ, որ արդյունքներ կլինեն»։

Երկուշաբթի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Լավրովի հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ ադրբեջանական կողմը առաջընթաց չի տեսնում Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կարգավորման հարցում, բայց հակամարտության լուծման գործում Ռուսաստանի ակտիվ մասնակցության շարունակման հույս ունի։

Հնգակողմ հայտարարություն

Լավրովի խոսքով՝ Ռուսաստանը հույս ունի, որ Ադրբեջանը, Հայաստանը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) Բրատիսլավայում հանդիպման ժամանակ հնգակողմ հայտարարություն կընդունեն ղարաբաղյան կարգավորման հարցում։

Նրա խոսքով՝ բացի Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումից Բրատիսլավայում՝ տեղի կունենա նաեւ երկու նախարարների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ «Մենք ամեն տարի ԵԱՀԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդում (ԱԳՆԽ) ձգտում ենք գրանցել հավատարմությունը  հիմնարար սկզբունքներին, որոնք կողմերի հավանությանն են արժանացել տարիներ առաջ եւ պահպանում են իրենց կենսունակությունն ու ակտուալությունը,- նշեց Լավրովը։- Եթե ստացվի, մենք կցանկանայինք ընդունել հնգակողմ հայտարարություն՝ երկու նախարար եւ երեք համանախագահ-նախարար»։

«Եթե ինչ-ինչ պատճառներով դա անհնար լինի, ապա երեք համախագահ ամեն դեպքում իր դիրքորոշումը կամրապնդի փաստաթղթով։ Բայց հույս ունեմ, որ դա կլինի հնգակողմ հայտարարություն»,- ավելացրեց ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

Համայնքների երկխոսություն

Լավրովը նշեց, որ երկխոսության վերսկսումը Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական եւ հայկական համայնքների միջեւ կարեւոր է տարածաշրջանում հակամարտության կարգավորման համար։

«Ես կարծում եմ, որ դա շատ կարեւոր է, որովհետեւ ցանկացած որոշում պետք է ընդունվի մարդկանց կողմից, ովքեր ապրում են այդ հողում։ Որքան մարդիկ ավելի մոտ շփվեն միմյանց հետ, որքան ավելի օբյեկտիվ լրագրողները լուսաբանեն այն, ինչ տեղի է ունենում շփման գծի երկու կողմում, այնքան ավելի հեշտ, այնքան ավելի կայուն կլինեն այն պայմանավորվածությունները, որոնց հույս ունենք հասնել։ Ես կողմնակից եմ, որպեսզի ղարաբաղյան համայնքների միջեւ շփումները վերսկսվեն»,- ասաց նա՝ պատասխանելով հարցին, թե որքանով օգտակար կլինի հակամարտության կարգավորման հարցում ադրբեջանական եւ հայկական համայնքների հանդիպումը։

Լավրովը նաեւ նշեց, որ ՌԴ-ն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լրագրողների փոխանակման նախաձեռնության հեղինակներից էր։

«Այս տարեսկզբին Վիեննայում գագաթաժողովից հետո կայացավ Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը, որտեղ համաձայնեցվեց ոչ պաշտոնական, բայց կոնկրետ փաստաթուղթ այն մասին, որ մենք բոլորս կողմ ենք հումանիտար փոխանակումների հաստատմանը,- շարունակեց ՌԴ ԱԳՆ ղեկավարը։- Դա վերաբերում է զոհվածների, կալանավորվածների խնդիրների լուծմանը, այնտեղ հիշատակված էին շփումները լրագրողների միջեւ եւ, ըստ էության, մարդկանց միջեւ շփումները»։

ԱՎԵԼԻՆ