Դալմայի այգիներում կա պատմամշակութային մեծ արժեք ներկայացնող համալիր.Բորիս Գասպարյան

Դալմայի այգիներում կա պատմամշակութային մեծ արժեք ներկայացնող համալիր, որը ներառված չէ պահպանվող հուշարձանների ցանկում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Բորիս Գասպարյանը։

«Կարծում եմ՝ կոռեկտ չէ կոնկրետ մեկ հնձանի հարց դնել, որովհետեւ այդ շինությունը իր համատեքստից կտրված առոչինչ է։ Խոսքը պատմամշակութային մեծ արժեք ներկայացնող մի համալիրի մասին է։ Դալմայի այգիները, ամենայն հավանականությամբ, Կարմիր բլուրի, այսինքն ուրարտական Վանի թագավորության այդ քաղաքի այգիներն են, որոնք խաղող են արտադրել եւ մատակարարել են շատ վառ արտահայտված գինու արտադրության եւ պահեստովարոման համար։ Այս այգիները ձգվել են Ոստիկանության ակադեմիայից մինչեւ Դալմա մոլի տարածք։ Սակայն 2004 թվականին այգին չի մտել Երեւանի հուշարձանների ցուցակ, բնականաբար սեփականաշնորհվել է եւ այլն։  Այսօր ոչ քաղաքային իշխանությունները, ոչ Մշակույթի նախարարությունը որեւէ մեղք չունեն, որովհետեւ չկա պահպանվող հուշարձանների ցանկում»,-նշեց նա՝ հավելելով․ «Դալմայի այգիները դիմացան սելջուկների, մոնղոլների, պարսիկների արշավանքներին, բայց պարզվեց, որ անկախ Հայաստանն այդ այգիները պահպանել չկարողացավ»։

«Հանրային իրազեկման եւ մոնիտորինգի կենտրոն» ՀԿ-ի նախագահ Մարի Չաքրյանը հավելեց, որ հուլիս-օգոստոս ամիսներից սկսած պատկան մարմիններին տարբեր հարցումներ են ուղարկել, փորձելով ուշադրություն հրավիրել այդ տարածքի վրա, սոցիալական ցանցերում էլ են տեղեկություն տարածել․ «Մեդիատուր էինք կազմակերպել մեկ շաբաթ առաջ, լրատվամիջոցներն էլ անդրադարձան հարցին, բայց օրեր անց քանդվեց»։

Նշենք, որ ԱԺ նախկին պատգամավոր Գարեգին Նուշիկյանին պատկանող «Պարկ գրուպ» ՍՊԸ-ն 2018-ին կառավարության որոշմամբ վարձակալել է Դալմայի այգիների 27 հա հողատարածք եւ այս տարի սկսել է կառուցապատում իրականացնել։

«Պարկ գրուպ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Նարեկ Մարտիրոսյանն ասաց, որ «Պարկ գրուպ»-ն մեծ ցավով է տեղեկացել, որ այն  պատմամշակութային արժեք է ներկայացնում․ «Նախագիծը նախատեսում է ժամանցի կենտրոնի ստեղծում, որն ուղղված է եւ ներքին եւ արտաքին՝ զբոսաշրջիկներին ներգրավելու նպատակին։ Եթե ընկերությունն իմանար, որ տարածքը պատմամշակութային արժեք է, ավելի լավ կկիրառեր իր այդ ծրագիրն իրականացնելու համար, որովհետեւ մարդկանց գրավելու լավագույն միջոցներից է պատմամշակութային արժեքը, կոթող ներկայացնելը»։

Նա նաեւ հավելեց՝ կան ժամկետներ ներդրումային նախագծի համար․ «Սա ներդրումային ծրագիր է, որն ունի իր ժամկետնրը եւ ժամկետների խախտումը ընկերության նկատմամբ հստակ պատասխանատվություն է սահմանում պայմանագրով»:

ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչն իր հերթին ասաց, որ առաջիկայում փորձ կարվի հուշարձանների մասին նախագծի միջոցով եղած բացերի մի մասը լրացնել։

«Այս դեպքով նախարարի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ում, նոյեմբերի 18-ից 21-ը ուսումնասիրություններ են կատարել Դալմայի այգիների տարածքում, եւ զեկուցագրերում ներկայացրել են, որ բազմաթիվ այլ արժեվորման ենթակա շինություններ կան, հիմա պատրաստվում են վկայակագրերը, ըստ որոնց նախարարին կից գործող փորձագիտական խորհրդի որոշմամբ որեւէ օբյեկտ կարող է ստանալ նորահայտ հուշարձանի կարգավիճակ, այսինքն՝ այս գործընթացը սկսել է, հույս ունենք շինությունների համար կտրվի կարգավիճակ»,-ասաց նա։

 

ԱՎԵԼԻՆ