Վարչապետին դիմած 10-ամյա Սամվելի խնդրանքն իրականություն դարձավ. Սիս գյուղի ճանապարհնը բարեկարգվեց

Արարատի մարզի Սիս գյուղի բնակիչ 10-ամյա Սամվել Հովհաննիսյանի խնդրանքը ՀՀ վարչապետին իրականություն դարձավ: Ամիսներ առաջ նրա բարձրացրած ճանապարհի հարցը լուծվեց:  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզ կատարած այցելության ընթացքում ծանոթացավ իրականացված աշխատանքներին:Լրագրողների հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց ամիսներ առաջ ճանապարհների հարցով վարչապետին դիմած 10-ամյա Սամվելը:

«Մենք հիմա ճանապարհ ունենք, հետո գյուղապետի հետ գյուղի բյուջեով մեր երազած գյուղն ենք ստեղծելու: Այս ճանապարհի հարցը բարձրացրեցի, որովհետև գլոբալ հարց էր գյուղի համար, դրա համար էլ դիմեցինք հարգելի պարոն Փաշինյանին ու տեսնում ենք արդյունքը: Ախր, այդ ճանապարհն այնքան մեծ խնդիր էր, գյուղացիները միշտ խոսում էին, ասում էին այդ մասին, ես էլ մեծերից սովորեցի: Հիմա էլ ուրիշ բան չեմ խնդրելու վարչապետից, մնացածը մենք ենք անելու: Շատ պլաններ ունենք, արդեն եկեղեցու հատակագիծը կա: Ես հետևում եմ մեր համայնքի էջին էլ, համայնքապետի աշխատանքին էլ»,-նշեց Սամվելը:Ընթացիկ տարվա սկզբին համացանցում տեսանյութ էր շրջանառվում, որտեղ գյուղի երեխաները, հատկապես Սամվելը պատմում էին գյուղի խնդիրների մասին: Նրանք խոսել էին ճանապարհների մասին, որոնք անմխիթար վիճակում են եղել: Մայիսի վերջին կայացած կառավարության նիստում ՀՀ վարչապետը հետաքրքրվել էր Սիս համայնքի ճանապարհների հարցով։ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը նշել էր, որ այն շուտով կասֆալտապատվի:

ԱՎԵԼԻՆ