Հայաստանում առաջին անգամ արտադրվել է հավաստագրված օրգանական գինի, ինչն անչափ կարեւոր է ե՛ւ գինեգործության, ե՛ւ երկրում օրգանական գյուղատնտեսության հետագա զարգացման համար

Հայաստանում առաջին անգամ արտադրվել է հավաստագրված օրգանական գինի, ինչն անչափ կարեւոր է ե՛ւ գինեգործության, ե՛ւ երկրում օրգանական գյուղատնտեսության հետագա զարգացման համար: Այս մասին դեկտեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը:

Նրա խոսքով՝ հայկական գինին այս տարի նոր շուկաներ է մտել, մասնավորապես՝ Չինաստան (ըստ ծավալի Ռուսաստանից հետո երկրորդն է), Կանադա, Լեհաստան, Նիդեռլանդներ, որտեղ ներկայացվել է գինու ավելի քան 300 տեսակ:

«Մենք հասկանում ենք, որ հայ արտադրողի համար դժվար կլինի աշխարհում մրցակցել ծավալով, ուստի շեշտը դրվում է որակյալ գինեգործության վրա: Այս նպատակով իրականացվել են գինեգործական ծրագրեր, ուսումնասիրվել են խաղողի տարբեր տեսակները, կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ: Դրանից բացի, ակտիվ աշխատանք է տարվում նաեւ տնային տնտեսությունների հետ»,- նշեց նա:

Զարուհի Մուրադյանը հավելեց, որ տարվում է նաեւ հայկական գինու ճանաչելիության մեծացման աշխատանք, քանի որ այն տվյալների տեղեկատվական բազաներում հաճախ ներկայացվում է որպես վրացական եւ ադրբեջանական:

«Այսպիսի թյուրիմացությունից խուսափելու համար, հիմնվել է տեղեկատվական բազա, որտեղ արդեն ներառվել են հայկական գինիների 170 տեսակներ: Դրանից բացի, «Ֆորբսում» հրապարակվել է հայկական գինու մասին 2 հոդված»,- շեշտեց նա:

Նրա խոսքով՝ այս տարվա առաջին կիսամյակում ներմուծվել է 300 հազար լիտր ավելի շատ գինի, քան 2018-ին:

«Դրանից բացի, նույն ժամանակահատվածում արտադրվել է 200 հազար տոննա խաղող: Կատարված աշխատանքների արդյունքում արդեն հաջողվել է հասնել նախնական պայմանավորվածությունների: Մասնավորապես՝ գինու 4 նոր տեսակ մտել է կանադական շուկա»,- ամփոփեց Զարուհի Մուրադյանը:

«Տրինիտի Կանյոն խաղողի այգիների» տնօրեն Հովակիմ Սաղաթելյանն իր հերթին նշեց, որ իրենց արտադրած օրգանական գինու գնային հատվածը տատանվում է 6-ից մինչեւ 8 եվրո, իսկ համաշխարհային պահանջարկը եռակի գերազանցում է առաջարկը:

ԱՎԵԼԻՆ