ԱԳ փոխնախարարը հանդիպել է Չինաստանի պետական գործակալության նախագահի տեղակալի հետ

Դեկտեմբերի 1-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ընդունեց Չինաստանի միջազգային զարգացման համագործակցության պետական գործակալության նախագահի տեղակալ Դենգ Բոցինգին (Deng Boqing):

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին ՉԺՀ կառավարության կողմից Հայաստանում իրականացվող անհատույց տեխնիկատնտեսական օգնության (դրամաշնորհային) ծրագրերին առնչվող հարցեր:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նշեց, որ ՉԺՀ կառավարության կողմից իրականացված անհատույց օգնության ծրագրերը զգալի դեր են ունեցել Հայաստանի մի շարք ոլորտների կարողությունների զարգացման եւ արդիականացման համար, այդ թվում՝ վերջին տարիներին հանրային տրանսպորտի եւ առողջապահության բնագավառներում: Ավետ Ադոնցն ընդգծեց, որ վերոնշյալ ծրագրերի շրջանակներում կառուցված հայ-չինական բարեկամության դպրոցի գործունեությունը նպաստում է չինարեն լեզվի եւ մշակույթի ուսուցմանն ու տարածմանը մեր երկրում (նախորդ տարիներին Չինաստանի միջազգային զարգացման համագործակցության պետական գործակալության կողմից իրականացված ամենամյա վերապատրաստման դասընթացներին Հայաստանից մասնակցել են պետական եւ մասնավոր հատվածների տարբեր բնագավառների շուրջ 1400 ներկայացուցիչներ):

Դենգ Բոցինգը ներկայացրեց վերակազմավորված Չինաստանի միջազգային զարգացման համագործակցության պետական գործակալության գործունեության ուղղությունները եւ ձեւերը՝ նշելով, որ տեխնիկական աջակցության ծրագրերից զատ գործակալության գործառնությունների տիրույթում է նաեւ գործընկեր երկրների կառավարություններին արտոնյալ վարկերի տրամադրման հարցը:

Կողմերն անդրադարձ կատարեցին Հայաստանում իրականացվելիք տեխնիկական եւ տնտեսական աջակցության առաջիկա հնարավոր ծրագրերին, փորձագետների փոխանակման, ինչպես նաեւ ենթակառուցվածքային շինարարության վարկավորման հնարավորություններին:

ԱՎԵԼԻՆ