ԿԳՄՍ նախարարությունը ֆինանսական կրթության ծրագիր է իրականացնում` ԿԲ-ի հետ համատեղ

Աղվերանում տեղի է  ունեցել  «Ձեռնարկատիրական կրթության քաղաքականության երկխոսություն» թեմայով երկօրյա աշխատաժողով, որտեղ  քննարկվել են ձեռնարկատիրական կրթության զարգացմանը, մասնավորապես բուհերում դիզայն մտածելակերպի ներդրման արդյունավետությանը նվիրված խնդիրներ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ  Լուսինե Առաքելյանը  քննարկման ընթացքում ներկայացրել է կրթական ծրագրերում ձեռնարկատիրական եւ ֆինանսական կրթության ներդրման ուղղությամբ նախարարության կատարած աշխատանքները: Նախարարի տեղակալի տեղեկացմամբ` հանրակրթական ծրագրերում ներառված են  ֆինանսական եւ ձեռնարկատիրական կրթության թեմաներ, որոնք ինտեգրված են տարբեր առարկաների ծրագրերում եւ դասավանդվում են դպրոցներում: ԿԳՄՍ նախարարությունը  ֆինանսական կրթության ծրագրի ներդրման նպատակով համագործակցում է ՀՀ կենտրոնական բանկի հետ, մասնավորապես, դասավանդող ուսուցիչների համար իրականացվել են համատեղ վերապատրաստման դասընթացներ:  Նախարարի տեղակալ Լ. Առաքելյանը նշել է, որ ֆինանսական կրթություն  է իրականացվում մոտ 750 հանրակրթական դպրոցներում, եւ արդեն վերապատրաստվել է մոտ 4000 ուսուցիչ:

«Ֆինանսական կրթության դասավանդումը  սկսվել է Երեւանից,  սակայն այժմ ծրագիրն իրականացվում է նաեւ բազմաթիվ մարզային դպրոցներում: Ձեռնարկատիրական կրթության դասավանդումն իրականացվում է ՀՀ բոլոր հանրակրթական դպրոցներում` երկրորդ դասարանից սկսած` «Ես եւ շրջակա աշխարհը», «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ», «Հասարակագիտություն», «Տեխնոլոգիա» առարկաների շրջանակում: Նշված առարկաների կրթական ծրագրերում ներառված են ձեռնարկատիրական գործունեությանն առնչվող թեմաներ եւ այս ծրագրի շրջանակում մինչ այժմ վերապատրաստվել է 8000-ից ավել ուսուցիչ»,- նշել է Լ. Առաքելյանը` հավելելով, որ կատարվածին զուգահեռ մշակվում են նաեւ նոր ծրագրեր` ձեռնարկատիրական եւ ֆինանսական կրթության զարգացման նպատակով: ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2020 թվականի պետական բյուջեի  հատկացումներում, ինչպես իր խոսքում նշել է նախարարի տեղակալը,  մոտ 134 մլն դրամ գումար է նախատեսվել ֆինանսական եւ ձեռնարկատիրական կրթության թեմաներով՝ հեռուստաֆիլմերի եւ հաղորդումների պատրաստման համար: Դրանք իրականացվելու են մրցութային եղանակով:

«Ձեռնարկատիրական կրթության քաղաքականության երկխոսություն» աշխատաժողովը կազմակերպել է Հայաստանում Բրիտանական խորհրդի գրասենյակը` համագործակցելով Ամերիկյան համալսարանի հետ «Ստեղծարար միտք. պատրաստվի´ր նորարարության, Հայաստա´ն» ծրագրի շրջանակում:  Ծրագրի ղեկավար Արման Առաքելյանի տեղեկացմամբ 18-35 տարեկան երիտասարդների համար 2019 թ. ընթացքում իրականացվում են մի շարք սեմինարներ` նպատակ ունենալով աջակցել ստեղծագործ ու նորարար երիտասարդներին ձեռնարկատիրական նախաձեռնություններում:

ԱՎԵԼԻՆ