Ինչպիսի՞ տեսք կունենա հանրապետության գլխավոր տոնածառն այս տարի

Արդեն երկրորդ օրն է` մայրաքաղաքում մեկնարկել են գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքները։

Նախորդ տարի Երևանում տեղադրվեց նոր տոնածառ։ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարաետյանը «Ա1+»-ին փոխանցեց, որ տոնածառի արտաքին տեսքը փոփոխություն չի ունենա․

«Մենք անցյալ տարի ասել ենք, որ այս տոնածառը մի քանի տարվա համար է, բայց հրապարակը և հարակից տարածքները շատ շքեղ և  միանգամայն նոր ձևավորում են ունենալու»։

Տոնածառի համար հավելյալ գումարներ ծախսվելու են միայն կանգնեցնելու համար, առանձին հատկացումներ նախատեսված չեն։

Նշենք, որ Կառավարության որոշմամբ՝ Երևանում «Ամանոր 2020»  միջոցառումների իրականացման համար 271 միլիոն դրամ է հատացվելու։

Կարապետյանը տեղեկացրեց, որ հրապարակի նոր զարդարանքն իրականցվելու է այս գումարների և Երևանի բյուջեով ի սկզբանե հատկացված գումարներից։

Մայրաքաղաքում իրականացված հարցումների համաձայն՝ շատերը սպասում են մայրաքաղաքի տոնական նոր տեսքին և կարծում, որ արժե գեղեցիկ և տոնական  տեսք ապահովելու համար ծախսել որոշակի գումարներ։

Հիշեցնենք, որ 2005 թվականից ի վեր՝ մայրաքաղաքում նախորդ տարի առաջին անգամ տեղադրվեց նոր տոնածառ, որի համար հատկացվել էր 71 միլիոն դրամ։

ԱՎԵԼԻՆ