Ուկրաինայի հայ գործարարները Զարեհ Սինանյանի հետ հանդիպմանը կարեւորել են հայկական ազգային բրենդի ստեղծումը

Ուկրաինա աշխատանքային այցի առաջին օրվա ընթացքում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է «SIMUL FORTES» գործարարների ակումբի անդամների հետ:

Հանդիպմանը ներկա էին նաեւ Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը եւ Ազգային ժողովի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:

Հանդիպման մեկնարկին ողջույնի խոսքով հանդես է  եկել «Imagine Armenia» բարեգործական հիմնադրամի նախագահ Հայկ Աղվանյանը՝ ներկայացնելով հանդիպման մասնակիցներին եւ քննարկվելիք հարցերի շրջանակը:

Գործարարների ակումբի փոխնախագահ Վահե Մելիքյանն իր խոսքում կարեւորել է հայ-ուկրաինական առեւտրային կապերի ամրապնդումը, երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ակտիվացումը: Սակայն ըստ գործարարի՝ առկա են մի շարք խոչընդոտներ, որոնք բարդացնում են բիզնես կապերի զարգացումը:

Գործարարներն ընդգծեցին նաեւ հայկական ազգային բրենդի ստեղծման անհրաժեշտությունը, մարկետինգային ճկունությունն ու համաշխարհային միտումներին համապատասխանությունը, որոնք թույլ կտան արտերկրում հավուր պատշաճի ներկայացնել հայկական արտադրանքը: Առաջարկ հնչեց նաեւ ստեղծել հայ-ուկրաինական արեւտրային պալատ, որը  հնարավորություն կընձեռի դյուրինացնել պետությունների միջեւ գործարար կամուրջների հաստատումը:

Գործարարների ակումբի մյուս փոխնախագահ Ալեքսանդր Փիլոյանը շեշտարդել է Հայաստանի զբոսաշրջության զարգացման հնարավորությունները, Ուկրաինայում Հայաստանի զբոսաշրջային գրավչության ներկայացումն ու տեղեկացվածության մակարդակի բարձրացումը:

Գործարարները խոսեցին նաեւ Հայաստանում արեւային էներգետիկայի ոլորտում հնարավոր թռիչքային զարգացումների, IT բնագավառում Հայաստանի ձեռքբերումների եւ  ներդրումների մասին:

Գլխավոր հանձնակատարը կարեւորեց գործարարների նման հետաքրքրվածությունը հայրենիքի հանդեպ, գործարար համայնքի միջեւ առկա համախմբվածությունը, ինչպես նաեւ շեշտեց խնդիրների եւ խոչընդոտների վերացման կարեւորությունը:

Այնուհետ հանդիպումը շարունակվեց հարցուպատասխանի ձեւաչափով:

ԱՎԵԼԻՆ