Գյումրիում ՊԵԿ սպասարկման կենտրոնում չկա որեւէ մենաշնորհ ավտոմեքենաների բեռնման-բեռնաթափման ոլորտում. ՊԵԿ պարզաբանումը

Ոմանք իրենց անձնական եւ շատ դեպքերում անօրինական շահերը քողարկելով հանրային շահի ներքո` փորձում են  մանիպուլյացիայի ենթարկել հանրային կարծիքը: Այս մասին հայտարարություն է տարածել ՊԵԿ-ը:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Գյումրի քաղաքում  գործող ՊԵԿ Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնում չկա որեւէ մենաշնորհ ավտոմեքենաների բեռնման-բեռնաթափման եւ հարակից ծառայությունների մատուցման ոլորտում:

Ներմուծողները հնարավորություն ունեն իրենց ավտոմեքենաները բեռնարկղերից բեռնաթափել անձամբ, այլ անձի միջոցով, կամ դիմել տարածքում մրցույթով հաղթած ծառայություն մատուցող կազմակերպությանը։

Այս կազմակերպությանը զուգահեռ, այսօր ԱՏԳ կենտրոնում եւս մոտ 14 կազմակերպություն կատարում են իրենց բեռնաթափումները։ Հարկ է նշել, որ ավտոմեքենաների մոտ 60 տոկոսը ժամանում է ինքնաշարժ եղանակով, այսինքն՝ բեռնաթափման կարիք չունի: Հետեւաբար ստացվում է, որ օրական ժամանող 800 մեքենայից բեռնաթափվում է մոտ 300-ը։

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարում է, որ հիշատակված կազմակերպությունը որեւէ կապ չունի  ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձանց հետ: Կազմակերպության ընտրությունը կատարվել է հրապարակային մրցույթով: Գնման գործընթացի շրջանակներում հրավերն ու հայտարարությունը հրապարակվել են 15.10.2019թ. gnumner.am պաշտոնական կայքում, եւ հաղթող է ճանաչվել «ԲԻԷՅՋԷՄ ԿԱՐԳՈ ՀԵՆԴԼԻՆԳ» ՍՊԸ-ն: Կոռուպցիայի դեմ պայքարող հասարակական կազմակերպություններին եւ հետաքննող լրագրողներին խնդրում ենք ուսումնասիրել այս գործընթացը։ Կարծում ենք դրանով վերջ կդրվի կեղծ եւ զրպարտող հայտարարություններ տարածելու ցանկություններին։

Կոմիտեն հայտնում է նաեւ, որ  աշխատակիցների քանակի եւ ձեւակերպվող ավտոմեքենաների քանակի մասին պնդումները եւս կեղծ են։ Հյուսիսային մաքսատուն-վարչությունը համալրվել է մոտ 70 աշխատակցով, որից 26-ը ավտոմեքենա ձեւակերպող տեսուչներ են, իսկ 29․11․2019-ին Գյումրի քաղաքում մաքսազերծվել է 802 ավտոմեքենա։

Այսօր ՊԵԿ-ը ներդնում է իր ողջ ներուժը շինարարությունն ավարտին հասցնելու եւ քաղաքացիներին բարձրակարգ ծառայություններ մատուցելու ուղղությամբ: Աշխատանքների ընթացքում ունեցել ենք բազում կառուցողական հանդիպումներ ոլորտը ներկայացնող քաղաքացիների եւ տնտեսվարողների հետ, որի արդյունքում լուծվել են թե առկա խնդիրները, թե՝ ծնվել նոր գաղափարներ: Հետեւաբար, եթե կան ոլորտը բարելավող գաղափարներ, ապա հորդորում ենք անցնել կառուցողական դաշտ, մնալ կոռեկտության սահմաններում, իսկ ենթադրյալ ապօրինությունների մասին խոսել նախեւառաջ իրավապահ մարմինների հետ։

ԱՎԵԼԻՆ