«Ադրբեջանական կողմից առկա է հրադադարը խախտելու միտումնավոր փորձ». ՀՀ ԱԳՆ հայտարարությունը

Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից զինադադարի խախտումը, որի հետեւանքով ծանր վիրավորում է ստացել Արցախի ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Ռաֆայել Վաղարշակի Ազիզյանը: Այս  մասին հայտարարություն է տարածեկ Հայաստանի ԱԳՆ-ն:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Դիպուկահարի կրակի հետեւանքով տեղի ունեցած այս միջադեպին չի նախորդել իրավիճակի որեւէ լարում, ինչը ի ցույց է դնում, որ ադրբեջանական կողմից առկա է հրադադարը խախտելու միտումնավոր փորձ:

Նման միջադեպերը լրջորեն վնասում են խաղաղ գործընթացին եւ հակասում խաղաղության համար նպաստավոր միջավայր ձեւավորելու շուրջ պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ: Անգամ ներքաղաքական նոր զարգացումների պայմաններում Ադրբեջանը պետք է հավատարիմ մնա իր հանձնառություններին:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո անցկացվելիք հերթական նախարարական հանդիպմանն ընդառաջ տեղի ունեցած այս միջադեպն ավելի է ընդգծում հրադադարի ամրապնդման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման առաջնահերթությունը, այդ թվում՝ համապատասխան մեխանիզմների ներդրման միջոցով:

Արագ ապաքինում ենք ցանկանում վիրավորում ստացած զինծառայողին»:

ԱՎԵԼԻՆ