Պատգամավորները ցանկանում են ընդլայնել հեռախոսների գաղտնալսման ոստիկանության հնարավորությունները

Այս օրինագծով առաջարկվում է ՀՀ ոստիկանությանը տրամադրել հնարավորություն՝ ինքնուրույն իրականացելու այս կամ այն գործով կասկածվող քաղաքացիների հեռախոսազանգերի գաղտնալսում։ Այս մասին Պաշտպանության եւ անվտանգության խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, «Օպերատիվ հետաքննության մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու օրինագծի քննարկման ընթացքում, նոյեմբերի 29-ին ասաց կառավարող «Իմ քայլը դաշինքի պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ հաշվի առնելով ոստիկանության օպերատիվ-քննչական լիազորությունները, ինչպես նաեւ հաշվի առնելով այն, որ ոստիկանությունում գործում է Օպերատիվ-տեխնիկական մասնագիտացված ստորաբաժանում, որն ունի համապատասխան մասնագետներ եւ տեխնիկական բազա, այս օրինագծով առաջարկվում է օրենսդրական մակարդակով թույլ տալ վերահսկել եւ գաղտնալսել քաղաքացիների հեռախոսազանգերը՝ առկա տեխնիկական միջոցների օգնությամբ։

«Սրանով մենք ժամանակ կխնայենք, որը ծախսվում է Ազգային անվտանգության ծառայություն դիմելու վրա՝ նրանց կողմից պահանջվող միջոցներն ապահովելու եւ կազմակերպչական աշխատանք տանելու համար»,- ասել է խորհրդարանականը։

Պատգամավորը պարզաբանել է, որ այսօրվա դրությամբ ոստիկանությունը ստիպված է նման խնդրանքով դիմել ԱԱԾ, որն առանց այդ էլ աշխատանքի ծանրաբեռնված ժամանակացույց ունի։ Այս օրինագիծը, նրա կարծիքով, թույլ կտա որոշակի չափով հանել ԱԱԾ-ից մի շարք պարտավորություններ, որոնք չեն մտնում նրա լիազորությունների մեջ, ինչը թույլ կտա նվազեցնել նաեւ ծանրաբեռնվածության մակարդակը՝ բարձրացնելով նրա աշխատանքի արդյունավետությունը։

Չնայած կառավարության բացասական եզրակացությանը՝ խորհրդարանական հանձնաժողովի անդամները դրական եզրակացություն տվեցին այս օրինագծին։

ԱՎԵԼԻՆ