Հայաստանցի սպառողները աննպատակահարմար են ծախսում վարկային միջոցները. ԿԲ

Հայաստանի Կենտրոնական բանկը լուրջ մարտահրավեր է համարում, որ սպառողները վարկերն ընկալում են բացառապես որպես դրամական միջոցներ, այլ ոչ թե իրենց վրա վերցված պարտավորություն։ Այս մասին խորհրդարանի «Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, «Վարկային քաղաքականությունը Հայաստանում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ, նոյեմբերի 29-ին ասաց Հայաստանի Կենտրոնական բանկի Սպառողների իրավունքների պաշտպանության եւ ֆինանսական կրթության կենտրոնի ղեկավար Արմենուհի Մկրտչյանը։

Նրա խոսքով՝  որոշ մարտահրավերներ զուտ հայկական առանձնահատկություն չունեն, այլ բնորոշ են շատ այլ երկրներին նույնպես։ «Օրինակ, խնդիրներից մեկը, որին մշտապես բախվում ենք, սպառողի այն վարքային ընկալումն է, թե վարկավորումն իրականացվում է միայն ֆինանսական հաստատության եւ պետության շրջանակում, եւ ինքը՝ սպառողը, ոչ մի պատասխանատվություն չի կրում այդ պարտավորության համար… Սպառողը հաճախ ավելի շատ հոգում է ներկայի, քան ապագայի մասին, եւ արդյունքում՝ օրինակ, նախընտրում է սպառել այսօր, այլ ոչ թե խնայել երկարաժամկետ հեռանկարի համար։ Մենք նաեւ տեսնում ենք, որ սպառողները հաճախ վարկային միջոցները ծախսում են աննպատակահարմար»,- պարզաբանել է Մկրտչյանը։

ԱՎԵԼԻՆ