ՀՀ-ում պաշտոնյաները շատ արագ ձեռք են բերում բդեշխի բարդույթ, դա պետք է փոխակերպվի Հիսուսի բարդույթով. Փաշինյան

Երբ խոսում ենք բարձրաստիճան պաշտոնյաների մասին, ընդհանրապես կոռուպցիայի դեմ պայքարի մասին, չարաշահումների մասին, քաղաքական իրավիճակի եւ նրբությունների բերումով, ցավոք, երբեմն ընկալվում է, որ մենք նկատի ունենք միայն նախկին պաշտոնյաներին: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 29-ին,  ՀՔԾ ծառայողի օրվան նվիրված իր ելույթի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ուզում եմ առիթը օգտագործել ասելու համար, որ սկզբունքայնության առումով մենք ավելի շատ նկատի ունենք գործող պաշտոնյաներին, որովհետեւ եթե չարաշահումների դեմ պայքարը վերաբերի միայն անցյալին, դա ընդամենը կլինի քաղաքական կոնյուկտուրա, քաղաքական նպատակահարմարություն եւ չարաշահումների հին կուլտուրան չարաշահումների նոր կուլտուրայով փոխարինելու ձգտում, չարաշահումների հին անձնակազմը նոր անձնակազմով փոխարինելու ձգտում»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ ՀՀ-ում պետական պաշտոնյաները չեն կարող լինել օրենքից վեր: «Եկեք արձանագրենք, որ ՀՀ-ում պետական պաշտոնյաները շատ արագ ձեռք են բերում իշխանի, բդեշխի բարդույթ եւ մեր խնդիրն է, որ պետական պաշտոնյայի իշխանի եւ բդեշխի բարդույթը փոխակերպվի, կներեք այդպիսի ձեւակերպման համար, Հիսուսի բարդույթով»,- նշեց նա:

Վարչապետը նշեց, որ Հիսուսի բարդույթ ասելով  նկատի ունի, որ յուրաքանչյուր պաշտոնյա հասկանա, որ ինքը եւ՛ ծառա է, եւ՛ տեր է միաժամանակ, որովհետեւ ըստ վարչապետի, այդ երկուսը մեկը մյուսից անջատելով՝ պետական պաշտոնյայի դեպքում դա չի լինի բավարար չափով օգտակար:

ԱՎԵԼԻՆ