Կարեն Աբրահամյանի նախագահությամբ անցկացվել է ՊԲ-ի ռազմական խորհրդի նիստ

Նոյեմբերի 20-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի նախագահությամբ անց է կացվել ՊԲ-ի ռազմական խորհրդի նիստ՝ «միավորումների, զորամասերի եւ ստորաբաժանումների կիրառման եղանակների արդյունավետությունը, դրանց համապատասխանությունը մարտական կանոնադրությունների պահանջներին եւ զարգացման ուղիները:

Կառավարման համակարգերի վիճակը, պրոբլեմային հարցերն ու զարգացման ուղիները» թեմայով:

Խորհրդի նիստին մասնակցում էին բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների եւ ոլորտային ծառայությունների պետերը, միավորումների եւ զորամասերի հրամանատարները, նշված օղակների համապատասխան պաշտոնատար անձինք:

Բանակի հրամանատարի ներածական խոսքից հետո, որի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային մարտահրավերներին եւ դրանց դիմագրավելու հարցում կարեւորվել օրակարգային հարցերի համալիրը, համապատասխան ոլորտների պատասխանատուները ներկայացրել են զեկույցներ, որոնք վերաբերվում էին կառավարման մարմինների, կապի եւ ավտոմատ կառավարման համակարգերի վիճակին, հրետանային ու ինժեներական ստորաբաժանումների կիրառման եղանակների արդյունավետությանը եւ հարակից այլ բնագավառների:

Զեկույցներն ու ելույթները ընդմիջվել են քննարկումներով, որոնց մասնակցելու եւ սեփական կարծիքները արտահայտելու հնարավորություն է տրվել ներկա սպայակազմի բոլոր ներկայացուցիչներին:

Ամփոփելով ռազմական խորհրդի արդյունքները՝ գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը քննարկված թեմաների վերաբերյալ ցուցումներ է տվել ներկաներին եւ հանձնարարել հետագա ծառայության կազմակերպման ժամանակ, բացի արդեն իսկ գործող ղեկավար փաստաթղթերից, առաջնորդվել նաեւ ռազմական խորհրդի որոշման դրույթներով:

ԱՎԵԼԻՆ