Նոր նախագիծ. Արդարադատության նախարարը եւ ՔԿԾ պետը կկարողանան մեդալ ու պարգեւատրումներ տալ

Արդարադատության նախարարությունը նախագիծ է դրել շրջանառության մեջ, համաձայն որի՝ ցանկանում է նախարարին եւ քրեակատարողական ծառայության պետին օժտել մեդալով, կրծքանշանով եւ քրեակատարողական ծառայության պատվոգրով պարգեւատրելու լիազորությամբ: Նախագիծը տեղադրված է e-draft.am կայքում:

«Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծում նշվում է. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը չունի գերատեսչական մեդալներ եւ քրեակատարողական ծառայության պատվոգրով պարգեւատրում խրախուսանքի տեսակները՝ մշակվել է «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որով հնարավորություն կստեղծվի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին եւ քրեակատարողական ծառայության պետին օժտել մեդալով, կրծքանշանով եւ քրեակատարողական ծառայության պատվոգրով պարգեւատրելու լիազորությամբ՝ այդպիսով ապահովելով նաեւ քրեակատարողական ծառայողների համար նախատեսված խրախուսանքի տեսակները զինծառայողներին եւ նրանց հավասարեցված անձանց տրվող խրախուսանքի տեսակներին համապատասխանությունը ու դրանց միատեսակությունը»։

Որպես հիմնավորում նշվում է, որ նախագծով նախատեսված խրախուսանքի տեսակների ավելացումը լրացուցիչ խթան կհանդիսանա ծառայողական պարտականություններն առավել հմտորեն, բարեխիղճ եւ պատշաճ ձեւով կատարելու, ինչպես նաեւ դրա արդյունքում գնահատված լինելու համար, միաժամանակ հնարավոր կլինի ըստ արժանվույն գնահատել ու խրախուսել ծառայողական եւ մասնագիտական պարտականությունները պատշաճ կատարած աշխատակիցներին` դրանով իսկ հասարակությունում բարձրացնելով քրեակատարողական ծառայության դերը:

ԱՎԵԼԻՆ