Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի՝ Հորդանան գետի Արեւմտյան ափի իսրայելական բնակավայրերի մասին հայտարարության ֆոնին, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ասել էր, որ Միացյալ Նահանգները հրաժարվում է նախորդ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի հայտարարություններից, որոնց համաձայն՝ Արեւմտյան ափին եւ Արեւելյան Երուսաղեմում Իսրայելի բնակեցման քաղաքականությունը միջազգային իրավունքի խախտում է։

«Կառավարության ղեկավար Բենիամին Նեթանյահուն հեռախոսով խոսել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախագահ Թրամփին եւ ասել նրան, որ ուղղել է պատմական սխալը, եւ ինչ-որ մեկը պետք է ասեր պարզ ճշմարտությունը, եւ նա այնպես արեց, ինչպես Գոլանի ճանաչման եւ դեսպանությունը Երուսաղեմ տեղափոխելու ժամանակ»,- ասվում է կառավարության ղեկավարի Թվիթերի հաղորդագրությունում։

Հրեական բնակավայրերը Հորդանան գետի Արեւմտյան ափին, որոնք Իսրայելում անվանում են Հրեաստան եւ Սամարա, հայտնվել են 1967 թվականին Վեցօրյա պատերազմում Իսրայելի հաղթանակից հետո։ Այժմ Արեւմտյան ափին գոյություն ունի մոտ 120 խոշոր եւ փոքր բնակավայր, որտեղ ապրում են հարյուր հազարավոր իսրայելցիներ։ Բնակավայրերը չեն համարվում Իսրայելի մաս ոչ միջազգային, ոչ անգամ ներքին օրենսդրությամբ, ի տարբերություն Արեւելյան Երուսաղեմի կամ Գոլանի բարձունքների։ ՄԱԿ-ը այդ տարածքները համարում է զավթված, Իսրայելում ավելի հաճախ են հնչում կարծիքներ այն մասին, որ պետությունը պետք է իր ինքնիշխանությունը տարածի այս հողերի վրա։

ԱՎԵԼԻՆ