Վարչապետը և Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ նոյեմբերի 18–ին, ընդունել է Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիային, որը  Հայաստանում մասնակցում է «Թվային լուծումներ` միջսահմանային համագործակցության և առևտրի դյուրացման համար» խորագրով տարածաշրջանային համաժողովին:

Վարչապետը ողջունել է Կունիո Միկուրիայի մասնակցությունը համաժողովին, ինչը Հայաստանի կառավարության և Համաշխարհային մաքսային կազմակերպության  արդյունավետ համագործակցության վկայությունն է: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ փոխգործակցությունը նպաստում է Հայաստանում մաքսային բարեփոխումներին, ՀՀ մաքսային ծառայության գործունեության արդյունավետությանը և մաքսային ոլորտում կարողությունների զարգացմանը:

Նշելով, որ ուրախ է արդեն 4-րդ անգամ այցելել Հայաստան՝ Կունիո Միկուրիան վերահաստատել է ՀՀ կառավարության հետ գործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը: Նրա խոսքով՝ որպես ՏՏ ոլորտում լուրջ ներուժ ունեցող երկիր՝ Հայաստանի տեխնոլոգիական հաջողությունները կարող են ոգևորիչ լինել  կազմակերպության անդամ մյուս երկրների համար:

Զրուցակիցները քննարկել են հարկային և մաքսային ոլորտում բարեփոխումների շրջանակում գործակցությանը, «Մեկ պատուհանի» սկզբունքի շարունակական ներդրմանը, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման կարևորությանը վերաբերող հարցեր: Խոսելով կառավարության բարեփոխումների մասին՝ վարչապետն անդրադարձել է Գյումրիում արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի ստեղծմանը, որտեղ մեկ պատուհանի սկզբունքով իրականացվելու են և՛ մաքսային, և՛ արտաքին տնտեսական գործունեությանն առնչվող պետական գործառույթները։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև ՀՄԿ տեղեկատվական տեխնոլոգիաների 2020-2021 թթ. համաժողովը Հայաստանում անցկացնելու հնարավորությունների շուրջ:

ԱՎԵԼԻՆ