Հայաստանի թվային օրակարգը վկայում է բազմավեկտոր համագործակցության հնարավորության մասին. ԵՄ

Հայաստանը Եվրասիական տնտեսական միության շրջանակում իրականացնում է թվային օրակարգ, եւ այդպիսի օրակարգ կա նաեւ Հայաստանի ու Եվրամիության միջեւ Համընդգրկուն եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրում, ինչը վերջնարդյունքում ուղղված է երկրի  զարգացմանը եւ վկայում է բազմավեկտոր համագործակցության հնարավորության մասին: Այս մասին նոյեմբերի 18-ին «Սահմանամերձ համագործակցության եւ առեւտրի ընթացակարգերի պարզեցման համար թվային որոշում» միջազգային համաժողովում ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը:

Նրա խոսքով՝ սա անչափ կարեւոր է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող Կայուն զարգացում 2030 օրակարգի իրականացման տեսակետից: Նա կարեւորեց համաժողովի անցկացումը տարածաշրջանային երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ, ինչը համատեղ որոշումների որոնմանը հասնելու հնարավորություն է ընձեռում:

Եվրամիության ղեկավարը բարձր գնահատեց Հայաստանում «մեկ պատուհանի» սկզբունքի ներդրումը եւ թվային օրակարգի առաջմղումը, ինչպես նաեւ ձգտումը լոգիստիկայի զարգացմանը եւ մաքսային գործընթացների ազատականացման բարեփոխումներին:

Նշենք, որ նոյեմբերի 18-19-ը Երեւանում ընթանում է «Սահմանամերձ համագործակցության եւ առեւտրի ընթացակարգերի պարզեցման համար թվային որոշում» միջազգային համաժողովը:

ԱՎԵԼԻՆ