ՀՀ Արտաքին գործերի նախարարության արձագանքը` Էրդողանի հայտարարություններին

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է արել` արձագանքելով Թուրքիայի նախագահի՝ ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության վերաբերյալ արված հայտարարություններին:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հետագա ծավալման լույսի ներքո Թուրքիայի նախագահը վերջին օրերին հանդես է գալիս իրարամերժ և իրականությունը խեղաթյուրող հայտարարություններով:

Այդ հայտարարություններում առկա են պնդումներ, որոնք նպատակ ունեն զոհերի արժանապատվությունը վիրավորելու միջոցով արդարացնելու ցեղասպանությունը: Այս տարի ապրիլի 24-ին Թուրքիայի նախագահ Էրդողանն արդեն իսկ արդարացրել էր Հայոց ցեղասպանության իրականացումը՝ այն որակելով որպես «ամենաողջամիտ գործողություն», իսկ ցեղասպանության զոհերին՝ «հայկական ավազակախմբեր և նրանց աջակիցներ»: Այժմ Թուրքիայի նախագահը Հայոց ցեղասպանության զոհերին զրկում է նույնիսկ իրենց պատմական հայրենիքից՝ նրանց անվանելով քոչվորներ, մոռանալով իր նախնիների և տարածաշրջանի բնիկների պատմությունը:

Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն անկասկած անհրաժեշտ են ճշմարտության և պատմական արդարության համար: Սակայն այն անհրաժեշտ է ոչ այնքան պատմությանը կամ պատմաբաններին, որքան այսօր համայն մարդկությանը և հատկապես ինքնության հողի վրա կատարվող հանցագործությունների պոտենցիալ զոհերին: Այն անհրաժեշտ է այն մարդկանց և ժողովուրդներին, որոնց Թուրքիայի Հանրապետությունն այսօր, կրոնական և էթնիկ պատկանելիության համար անվանելով ահաբեկիչներ, ենթարկում է բռնության և բռնագաղթման իր իսկ հարևան երկրի տարածքում: Այն անհրաժեշտ է ցեղասպան ընկալումների հաղթահարման և մարդու իրավունքների համընդհանուր պաշտպանության համար:

Ցեղասպանության զոհերի ժառանգների և միջազգային հանրության համար Հայոց ցեղասպանությունը իրողություն է, որը նաև հիմք է ծառայել Ցեղասպանության դատապարտման և կանխարգելման 1948թ․ կոնվենցիայի մշակման և հետագայում դրա հիման վրա ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման մեխանիզմների ներդրման համար:

Արդարացնելով և ժխտելով հայոց ցեղասպանությունը, ուժի կիրառմամբ ագրեսիվ քաղաքականություն վարելով իր հարևանների հանդեպ, երկու տասնամյակից ավելի շարունակելով Հայաստանի ցամաքային շրջափակումը, և ռազմաքաղաքական աջակցություն ցուցաբերելով Ադրբեջանին ԼՂ հակամարտության համատեքստում՝ Թուրքիան շարունակում է հանդիսանալ ցեղասպանություն վերապրած հայ ժողովրդի անվտանգության սպառնալիք:

Թուրքիան պետք է վերանայի Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ իր ներկա թշնամական քաղաքականությունը, ինչն առաջին քայլը կարող է դառնալ ցեղասպանության հետևանքների հաղթահարման և տարածաշրջանային սպառնալիքների նվազեցման ուղղությամբ»:

ԱՎԵԼԻՆ