Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանն այսօր կդառնար 23 տարեկան

Արցախի հերոս, կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանն այսօր` նոյեմբերի 16-ին կդառնար 23 տարեկան: Ռոբերտ Աբաջյանի ընտանիքի անդամները, հարազատներն այսօր այցելել էին «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

Ռոբերտ Աբաջյանի պապը` Գեւորգ Աբաջյանը NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ Ռոբերտը շատ էր սիրում նշել իր ծնունդը եւ երկու դեպք հիշեց` նրա ծննդյան օրվա հետ կապված:

«Ինքը բնավորությամբ շատ ուրախ, աշխույժ, հավաքույթներ սիրող, հատկապես իր ծնունդը միշտ շատ հաճույքով էր նշում եւ գիտեր, որ մենք էլ ուրախանում էինք դրանից: Ես երկու դեպք կարող եմ հիշել իր ծննդյան օրվա հետ կապված: Առաջինը, երբ որ հայր 93 համարի երթուղային տաքսի էր վարում, կանգնել էր, բոլոր վարորդներին ասել,ո ր ամսի 16-ին կգաք մեր տուն, ծննունդս է: Երկրորդն էլ եղբորս տղային ասել էր` Վազգեն ջան ջան նոյեմբերի 16-ը իմ ծննդյանս օրն է, արի էդ օրը նշանակի հարսանիքդ:Վազգենն էլ խաթրից դուրս չէր եկել: Ինքն էլ բոլոր ընկերներին հրավիրել էր` ամսի 16-ին կգաք Լեննական` Վանատուր ռեստորան` ծնունդս նշելու: Այ սենց ուրախ պահերով միշտ ինքը տրամադրված էր ամբողջ կյանքում»,-ասաց նա:

Ռոբերտ Աբաջյանը զոհվել է 2016թ. ապրիլի 2-ի գիշերը՝ Մարտակերտի ուղղությամբ տեղակայված իրենց դիրքը անձնազոհաբար պաշտպանելիս: Գնդի հրամանատարի տեղակալ Ալիկ Սարգսյանը պատմել է, որ կապիտան Արմենակ Ուրֆանյանի ղեկավարած վաշտի փոքրաթիվ զինվորները ռազմական գործողությունների առաջին գիշերը մի քանի անգամ հետ են շպրտել հակառակորդի՝ իրենց բազմիցս գերազանցող ուժերին՝ անհավասար մարտում ցուցաբերելով բացառիկ մարտունակություն եւ հերոսություն: Հակառակորդը նախ հրետակոծել էր նրանց պահպանության տակ գտնվող դիրքը, ապա գործի դրել տանկերն ու հետեւակը: Առաջին գրոհը տղաները հաջողությամբ հետ են մղել, ապա շարքից հանել են հակառակորդի մեկ տանկ եւ տապալել գրոհի երկրորդ փորձը: Ամբողջ ընթացքում վաշտը կռվել է հակառակորդի ինտենսիվ հրետակոծության տակ՝ ոչ մի քայլ չնահանջելով: Կապիտան Ուրֆանյանն ու շարքային Քյարամ Սլոյանը զոհվել են արկի պայթյունից, շարքային Անդրանիկ Զոհրաբյանը վիրավորվել է, ինչից հետո Ռոբերտ Աբաջյանն իր վրա է վերցրել դիրքի պաշտպանությունը եւ միայնակ շարունակել մարտը պատնեշի վրայով:

Երբ հակառակորդը դիտակետերը շրջանցելով՝ ներթափանցել է դիրք, Ռոբերտ Աբաջյանը վիրավորվել է, վիրավորված Անդրանիկ Զոհրաբյանին իր հետ տանելով՝ նահանջել է մինչեւ վերջին խրամախորշ, որտեղից կապ է հաստատել գումարտակի հրամանատարի հետ, նրան մարտի մասին կարեւոր տեղեկություններ հաղորդել եւ շարունակել է կրակել մինչեւ իր մոտ եղած վերջին փամփուշտը: Իսկ երբ հակառակորդը մոտեցել է, դուրս է եկել, պարզել իր մոտ մնացած միակ նռնակը՝ իբր ուզում է հանձնվել, ապա պայթեցրել է իրեն ու հակառակորդի մի քանի զինվորների:

ԱՎԵԼԻՆ