ԱՄՆ Պետդեպարտամենտի աշխատակցուհին իր մասին տեղեկությունը կեղծել է` TIME ամսագրի շապիկին տեղադրելով իր նկարը

ԱՄՆ Պետդեպարտամենտի աշխատակցուհին գունազարդել է տեղեկությունն իր նախկին աշխատանքի եւ ձեռքբերումների մասին, ինչպես նաեւ ցուցադրել է Time ամսագրի կեղծ շապիկն իր լուսանկարով, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով NBC-ին։

Ինչպես ասվում է հրապարակման մեջ, խոսքը ԱՄՆ պետքարտուղարի հակամարտությունների կարգավորման եւ կայունարար գործողությունների գծով օգնականի տեղակալ Մինա Չանի մասին է։ Նա այդ պաշտոնում նշանակվել է ապրիլին։ Ինչպես պարզել են լրագրողները հետաքննության արդյունքում, 35-ամյա Չանը աշխատանքի տեղավորվելիս իր մասին նախապես կեղծ ինֆորմացիա է ներկայացրել իր ակադեմիական ձեռքբերումների եւ պրոֆեսիոնալ գործունեության մասին։

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ Չանը նշել է, որ եղել է խոշոր ոչ առեւտրային կազմակերպության ղեկավար, որն աշխատել է տասնյակ երկրներում, աջակցել նոր դպրոցների շինարարությանը եւ դրական ազդեցություն գործել հազարավոր մարդկանց կյանքի վրա։ Ինչպես պարզել են լրագրողները, իրականում կազմակերպությունը նման մասշտաբային գործունեության չի մասնակցել, այնտեղ աշխատում են ընդամենը մի քանի աշխատակիցներ, իսկ բյուջեն 300 հազար դոլարից քիչ է։

Հեռուստաալիքը նաեւ նշում է, որ Չանը 2017 թվականին ինտերնետի իր էջում հրապարակել է հարցազրույց, որում ցուցադրել է ամերիկյան Time ամսագրի կեղծ շապիկ։ Նա հավաստիացնում էր, որ պարբերականի խմբագրությունն իր դիմանկարը տեղադրել է շապիկին, քանի որ բարձր է գնահատել նրա ձեռքբերումները անօդաչու սարքերի կիրառման ոլորտում արտակարգ իրավիճակների արձագանքման ժամանակ։ Time-ի ներկայացուցիչները NBC-ի լրագրողներին տեղեկացրել են, որ «այդ շապիկը կեղծ է»։

Հեռուստաալիքի տվյալներով՝ Չանն իր ռեզյումեում նաեւ նշել է, որ եղել է ՄԱԿ մի ինչ-որ հանձնաժողովի կազմում, որը զբաղվում էր անօդաչուներին վերաբերող հարցերով։ Ինչպես տեղեկացնում է հեռուստաալիքը, իրականում խոսքը Չանի մեկանգամյա մասնակցության մասին է այդ թեմայով բանավեճին։ Չանը նաեւ հավաստիացրել էր, թե Հարվարդի համալսարանին կից բիզնեսի դպրոցի շրջանավարտ է։ Լրագրողները պարզել են, որ նա այդ ուսումնական հաստատությունում ավարտել է յոթ շաբաթվա դասընթացներ։

Ինչպես ընդգծում է հեռուստաալիքը, Չանի օրինակը վկայում է այն մասին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմում բավական մանրամասն ստուգումներ չեն իրականացնում նոր աշխատակիցներին աշխատանքի ընդունելիս։ Լրագրողները կարծում են, որ պետքարտուղարի օգնականի տեղակալի պաշտոնն ստանալու հարցում Չանին օգնել է ծանոթությունն արտաքին քաղաքական գերատեսչության աշխատակիցներից մեկի հետ, որը լավ է ճանաչում ամերիկյան  դիվանագիտության ղեկավար Մայք Պոմպեոյին։

ԱՎԵԼԻՆ