Ժամանակակիցը հիմա արդեն ավանդականն է. Մի՛ վախեցեք լինել ժամանակակից, տիկնայք եւ պարոնայք. Թեւան Պողոսյան

Ժամանակակիցը հիմա արդեն ավանդականն է. չե՞ք հավատում, հարցրեք Հայաստան այցելող հազարավոր բարեկեցիկ եվրոպացիներից ցանկացածից, թե ինչն է իրեն բերել մեր երկիր։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ նախագահ Թեւան Պողոսյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Ժամանակներն արագ են փոխվում։ Իսկ մենք, հաճախ, նախորդ ժամանակահատվածի մեր հավատամքով հետ ենք մնում։

10-15 տարի առաջ ես ինքս էի անընդհատ բարձրաձայնում McDonald’s, Starbucks բերելու, միայն սեւ սպիտակ հագնելուց հրաժարվելու կարեւորության մասին։ Նաեւ կրթության, մշակույթի, կենցաղավարության ոլորտներում նման շատ բաների կարեւորության մասին։

Այս տարիների ընթացքում հսկայական տեղաշարժ ունեն այս հարցերում։ Իհարկե կոնկրետ իմ նշած բրենդները չեկան, բայց իմ մատնանշած կուլտուրան լիովին մտավ Հայաստան։ Իսկ բավականին մատչելի Zara, Gap եւ այլ բրենդերը հանեցին մեզ հանրային սեւ ու սպիտակի մասսայական տեսարաններից եւ գույներ տվեցին մեր փողոցներին։

Մի օր ժամանակ ունենամ, հիմա էլ կխոսեմ, ասենք, աղբը տներում դասակարգելու կուլտուրայի մասին։ Եվ այսպես շարունակ։ Հա մոռացա ասեմ, այսօր Jamiroquai-ն համալիրն է պայթեցնում, իսկ System of a Down-ը հրապարակն է բերնեբերան լցնում։ Սա այլեւս մի պրոցես է, որ հետադարձ չունի։ Եվ դա հրաշալի է։

Բայց։ Այստեղ մի հատ մեծ բայց կա։ Սա անհրաժեշտ եւ ոչ բավարար գործընթաց է։ Շատ են սխալվում բոլոր նրանք, որոնք իրենց կառավարման ոլորտներում բոլորը քայլերը դիտարկում են այս գործընթացի շրջանակներում։ Դուք ժամանակից հետ եք մնացել, պարոնայք։ Դա արդիական էր 15-20 տարի առաջ։ Հիմա ժամանակակիցն ուրիշ է, հիմա ժամանակակիցն ամբողջ աշխարհում հենց ավանդականն է։

Հոգիս միշտ փառավորվում է Վիենա-Երեւան ավիաչվերթում, երբ արձանագրում եմ, որ սալոնի 80 տոկոսը հայեր չեն՝ իտալացի, ֆրանսիացի եւ գերմանացի տարեց զույգեր են։ Սա համաշխարհային զբոսաշրջության Ոսկե սեգմենտն է։ Պրոֆեսիոնալները կհաստատեն։ Դուք կարծում եք նրանք Երեւան են գալիս Zara-ից գնումների կամ Jamiroquai-ի համերգին մասնակցելու համա՞ր։ Ոչ իհարկե։ Նրանք գալիս են հնագույն քաղաքակրթությանը հաղորդակից լինելու, մեր ազգայինը, ավանդականը յուրացնելու համար, մեր խոհանոցը համտեսելու ու մեր մշակույթը վայելելու համար։ Ահա թե ինչով ենք մենք հետաքրքիր աշխարհին։ Հայերենով, հայով, ազգայինով, ավադականով։ Միայն։

Ժամանակակիցն այլեւս ավանդականն է։ Մի՛ վախեցեք լինել ժամանակակից, տիկնայք եւ պարոնայք»:

ԱՎԵԼԻՆ