Արտակարգ դեպք Արագածոտնում. գայլերը հոշոտել են բազմանդամ ընտանիքի 25-ից ավելի ոչխարները

Արագածոտնի մարզում, այսօր՝ նոյեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 03:00-ից 03:30-ն ընկած ժամանակահատվածում Ոսկեվազ գյուղի Արագածի 7-րդ նրբանցքի 12 տան բնակիչ, 67-ամյա Գրիշա Պետրոսյանը ձայներ է լսել ու տանից դուրս գալով, նկատել է գայլին և ձեռքին եղած եղանը շպրտել գայլի ուղղությամբ:

Գայլը դիմել է փախուստի, ինչից հետո Գ. Պետրոսյանն ու նրա կինը՝ 61-ամյա Սուսաննա Պետրոսյանը հայտնաբերել են, որ իրենց տան դիմաց գտնվող, իրենց պատկանող ոչխարների մեծ մասը հոշոտված են: Կան մեծ թվով ոչխարներ, որոնց մի մասը սատկել են, մի մասն էլ վիրավոր են և, ըստ անասնաբույժի՝ մեծ մասը ապրելու ենթակա չէ:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ամուսինները այդ ժամին կատարվածի մասին տեղեկությունը փոխանցել են ոստիկանության Աշտարակի բաժին:

Համայնքի ղեկավար Հայկ Հովհաննիսյանը հայտնել է, որ ինքը խոսել է նաև նշված համայնքից Ազգային ժողովի պատգամավոր ընտրված Սերգեյ Մովսիսյանի հետ, ով խոստացել է հնարավորության սահմաններում օգնել տուժած ընտանիքին:

Տուժած ամուսինները սոցիալապես անապահով են, ունեն առողջական լուրջ խնդիրներ, ընտանիքն էլ բաղկացած է 12-ից ավելի անդամներից: Իրենց գոյությունը պահպանում էին էս ոչխարները պահելով և ստացած եկամուտի մեծ մասը ծախսում էին դեղերի վրա, քանի որ առողջական խնդիրներ ունեն:

ԱՎԵԼԻՆ