Սուրեն Պապիկյանը կարևորել է ՀՀ-ի և Գերմանիայի Դաշնության քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր՝ նոյեմբերի 12-ին, հանդիպել է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ԳԴՀ Տնտեսական համգործակցության և զարգացման նախարարության Հարավարևելյան և Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի պատասխանատու Կարին Յահր դե Գերեռոն, ԳՄՀԸ(GIZ)-ի hայաստանյան գրասենյակի ղեկավար Աննե Քեմփան, Գերմանական KfW բանկի տարածաշրջանային տնօրեն Կլաուս Ֆայգելը, Հայաստանում KfW բանկի ներկայացուցիչ Զառա Չատինյանը և գերմանական KFW բանկի ծրագրի ավագ համակարգող Բելլա Անդրեսայանը: Այս մասին  հայտնում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լրատվության ծառայությունից։

Ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարար Սուրեն Պապիկյանը կարևորել է ՀՀ-ի և Գերմանիայի Դաշնության քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը և նշել, որ կողմերի միջև երկարամյա արդյունավետ համագործակցության արդյունքում ձևավորված նոր հնարավորությունները թույլ են տալիս բազմաոլորտ հաջողություններ արձանագրել։

Անդրադառնալով ՀՀ վարչատարածքային բարեփոխումների գործընթացին՝ նախարարը բարձր է գնահատել «Արդյունավետ տեղական կառավարում Հարավային կովկասում» ծրագրում ԳՄՀԸ(GIZ) և միջազգային այլ կազմակերպությունների դերակատարումը և համայնքների տնտեսական ներուժի և կարողությունների զարգացման գործում վերջիններիս ցուցաբերած աջակցությունը։

«Հաշվի առնելով, որ վարչատարածքային բարեփոխումները ՀՀ-ում նոր փուլ են մտնում, մեզ համար կարևոր է այս համագործակցության շարունակականությունը և արդյունավետության բարձրացումը»,- նշել է նախարարը և հավելել, որ գարնանը սպասվող ՏԻՄ ընտրություններով կտրվի համայնքների միավորման նոր փուլի մեկնարկը, իսկ առաջիկա տարիներին նախատեսվում է ավարտին հասցնել վարչատարածքային բարեփոխումների ընթացիկ փուլը։

Իր հերթին Կարին Յահր դե Գերեռոն ԳԴՀ կառավարության անունից շնորհակալություն է հայտնել վստահելի և արդյունավետ համագործակցության համար և հույս հայտնել, որ փոխշահավետ գործակցության վրա հիմնված ծրագրերը կշարունակվեն նաև հետագայում․ « Գերմանիան արդեն երկար տարիներ Հայաստանի հետ համագործակցում է համայնքային լավ կառավարման ոլորտում՝ գրանցելով դրական արդյունքներ հատկապես համայնքային ծառայությունների բարելավման ուղղությամբ։ Ենթակառուցվածքների զարգացման բնագավառում ևս ունենք համատեղ գործունեության երկարամյա փորձ, և այստեղ հարկ է նշել KfW գերմանական զարգացման բանկի դերը»։

Նախարար Սուրեն Պապիկյանը ևս կարևորել է КfW բանկի հետ գործընկերային հարաբերությունները՝ ընդգծելով, որ ՀՀ կառավարությունն այդ հարաբերություններում առաջնորդվում է վարկային միջոցների նպատակային օգտագործման և ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ արդյունքահեն աշխատանքներ իրականացնելու սկզբունքով:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, որոնք վերաբերել են ջրային ռեսուրսների կառավարմանն ու ջրամբարաշինությանը, էներգետիկ ենթակառուցվածքների զարգացմանը և տարածաշրջանային էներգետիկ ծրագրերին։

ԱՎԵԼԻՆ