Զինվորները մեքենաներ են կանգնեցնում, որպեսզի անվճար հասնեն իրենց զորամասեր. Սերգեյ Բագրատյան

Մեզ անհանգստացնում է, որ անվտանգության եւ պաշտպանության ֆինանսավորումն ավելացել է ընդամենը 0.8 տոկոսով, ինչը խնդրահարույց է այն պատճատով, որ մեր հակառակորդը 20 տոկոս բյուջեի ավելացում է նախատեսում 2020 թվականին։ Այս մասին այսօր՝  նոյեմբերի 11–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ անդրադառնալով ԱԺ–ի 2020 թվականի բյուջեի քննարկումներին։

Նրա խոսքով՝ դա մտահոգիչ է, քանի որ պետք է համարժեք արձագանքել մարտահրավերներին։

«Ես առաջարկում եմ 30 տոկոսով ավելացնել անվտանգության եւ պաշտպանության բյուջեի ծախսային մասը, որպեսզի ի վիճակի լինենք դիմագրավելու սպասվող ռիսկերին»,– ասաց Բագրատյանը։

Նրա խոսքով՝ մտահոգիչ է նաեւ գիտության թերֆինանսավորումը. «1.6 միլիարդ դրամով պակաս է ֆինանսավորվում։ Կարծում եմ՝ գիտությունը արժեւորված չէ, եւ գիտության հետ աշխատանքը կառավարությունը հավուր պատշաճի չի իրականացնում։ Կարծում եմ՝ գիտության ֆինանսավորումը եւս պետք է 30 տոկոսով ավելացվի եւ ամբողջովին փոխել գիտության նկատմամբ վերաբերմունքը, որովհետեւ, եթե մեզ թվում է, որ IT ոլորտով մենք կարող ենք շատ մեծ արդյունքների հասնել, չարաչար սխալվում ենք։ Գիտության արտադրանքը մենք պետք է պրոդուկտի վերածենք եւ թվայնացնեք IT ոլորտում եւ լուրջ արդյունքներ գրանցենք»։

Պատգամավորի խոսքով՝ 2019 թվականին կրթության ոլորտում 80 միլիոնը ներդրվել է տրանսպորտային ծախսերի մեջ, ինչը 2020–ի համար 3.5 անգամ ավելացվել է։ Նա կարեւոր համարեց նման ներդրումը բանակում՝ զինվորների տրանսպորտի հարցը լուծելու համար։

«Բոլոր աշակերտների եւ ուսուցիչների համար, ովքեր հեռու են բնակվում, իրենց տեղափոխման ծախսերն են հոգում, հիանալի է, ոչ մեկ չի ասում, թե ինչու եք արել, բայց արդյոք մենք նույնն արե՞լ ենք բանակի համար, մեր զինվորների համար, որոնց հաճախակի ճանապարհներին հանդիպում ենք, մեքենաներ են կանգնեցնում, որպեսզի անվճար հասնեն իրենց զորամասեր։ Արդյոք այս պահին ավելի կարեւոր չէ՞ զինվորի տրանսպորտի համար գումար հատկացնելը»,– ասաց Բագրատյանը։

ԱՎԵԼԻՆ