Լավրովը փաստորեն հակադարձել է ադրբեջանական ապակառուցողական հայտարարություններին. Ռուբեն Ռուբինյան

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն, այսօր Երևանում մեջբերելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը, հայտարարեց, որ ղարաբաղյան հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի համար և հավելեց՝ «սրա հետ դժվար է վիճել»։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Պատասխանելով հակամարտությունը միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում լուծելու վերաբերյալ ադրբեջանական կողմի ապակառուցողական հայտարարությունների մասին հարցին՝ ՌԴ արտգործնախարարը կրկնեց, որ պետք է հաշվի առնվեն Հայաստանի, Արցախի, Ադրբեջանի շահերը և տարածքային ամբողջականության հետ մեկտեղ մեջբերեց նաև ազգերի ինքնորոշման իրավունքի ու հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման սկզբունքը:

Այս պատասխաններով Սերգեյ Լավրովը փաստորեն հակադարձեց ադրբեջանական կատեգորիկ ու ապակառուցողական հայտարարություններին, վերահաստատեց, որ հակամարտության հանգուցալուծումը չի կարող չներառել ազգերի ինքնորոշման իրավունքի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքները և փաստեց, որ Արցախը պիտի մասնակցություն ունենա սեփական ճակատագրի որոշմանը:

Այսպիսով, նախկին ռեժիմի ճամբարից ամիսներ շարունակ հնչող աբսուրդային մեղադրանքներն առ այն, որ «Նիկոլ Փաշինյանի մեղքով մենք բանակցային վատ դիրքում ենք կամ դիտարկվում ենք որպես ապակառուցողական կողմ» ի չիք դարձան»,- գրել է Ռուբինյանը:

ԱՎԵԼԻՆ