Բարձրագույն կրթություն եւ հնգամյա ստաժ 25 տարեկանում. քննարկումներ ՀՀ ԱԺ հանձնաժողովում

Այս օրինագծով առաջարկվում է իջեցնել տարիքային ցենզն այն մարդկանց համար, ովքեր բարձրագույն կրթություն ունեն եւ ծրագրում են դառնալ բարձր պետական պաշտոն զբաղեցնող անձանց խորհրդական։ Այս մասին Պետաիրավական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում,  «Պետական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու օրինագծի քննարկման ժամանակ, նոյեմբերի 8-ին ասաց կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը։

Պատգամավորը, մասնավորապես, նշեց, որ այսօրվա դրությամբ այդ ցենզը սահմանված է 30 տարեկան, իսկ ինքն առաջարկում է այն իջեցնել 25-ի։ Միեւնույն ժամանակ, Հակոբյանը նշել է, որ այդ պաշտոնին կարող են հավակնել միայն այն անձինք, ովքեր ունեն հնգամյա մասնագիտական ստաժ համապատասխան ոլորտում։ Բավական երկար քննարկումներից հետո խորհրդարանական հանձնաժողովի անդամների կողմից միանգամից մի քանի առաջարկություն ստացվեց։ Այսպես, առաջարկվում էր տարիքային ցենզն իջեցնել  30-ից 27 տարեկանի նախապես առաջարկվող 25-ի փոխարեն, բայց այդ առաջարկը չստացավ պատգամավորների մեծամասնության  աջակցությունը, եւ նախապես առաջարկված տարիքային ցենզը մնաց անփոփոխ։ Այնուամենայնիվ, օրինագծի հեղինակը ստիպված էր նաեւ որոշակի «զիջումների» գնալ, եւ առաջարկված պարտադիր 5 տարվա աշխատանքային ստաժի փոխարեն որոշվեց այդ թիվը կրճատել մինչեւ 3 տարվա։ Վերջնարդյունքում օրինագիծը, մի շարք լրացումներից հետո, ստացավ խորհրդարանական հանձնաժողովի դրական եզրակացությունը։

ԱՎԵԼԻՆ