Փոստային ծառայությունների համար վճարվող գումարները կնվազեն. Գործադիրի նոր որոշումը

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 7-ի նիստում որոշում կայացրեց ՀՀ տարածքից դուրս սկսվող և ՀՀ տարածքում ավարտվող կամ ՀՀ տարածքում սկսվող և ՀՀ տարածքից դուրս ավարտվող  օդային տրանս¬պորտով բեռների և (կամ) ուղևորների փոխադրման տրանսպորտային ծառայության, ինչպես նաև փոստային ծառայության ամբողջ ծավալի և ՀՀ տարած¬քում փաստացի մա¬տուց¬վող ծառայության ծավալի վերաբերյալ տեղեկանքի տրամադրման մասով կառավարության լիազոր մարմին ճանաչել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը։

Նախագծով նախատեսվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ճանաչել ՀՀ կառավարության լիազոր մարմին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ փոստային ծառայության կամ օդային տրանսպորտով բեռների և (կամ) ուղևորների փոխադրման տրանսպորտային ծառայությունների՝ Հայաստանի Հանրապետության տարածքում փաստացի մատուցվող ծավալի վերաբերյալ  տեղեկատվությանը  տիրապետում է հենց այդ նախարարությունը: Հարցը ներկայացրեց փոխնախարար Վաչե Տերտերյանը:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հստակեցրեց, որ այս որոշմամբ փոստային ծառայության համար վճարվող գումարը անգամներով կարող է նվազել, քանի որ եթե նախկինում, օրինակ, Երեւանից Մոսկվա փոստային ծառայության համար կազմակերպությունը վճարում էր ողջ տարածության համար, հիմա վճարելու է միայն ՀՀ տարածքով անցնող հատվածի համար. «Տնտեսվարողները հնարավորություն են ունենալու դիմել ՊԵԿ եւ գումարները հետ ստանալ»,-ասաց նա:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ճշգրտեց, որ խնդիրը վերաբերում է միայն այլ երկրից Հայաստան փոստի, բեռների փոխադրմանը, երբ ՀՀ-ն շահութահարկի մասով հարկելու է միայն իր տարածքում գործունեության համար: Անանյանը հավելեց, որ այս դրույթը կիրառվելու է նաեւ 2018-ի հունվարի 1-ից հետո տեղի ունեցած փոխադրումների համար, այսինքն հետադարձ ուժ է ունենալու:

ԱՎԵԼԻՆ