ՀՀ նախագահն ընդունել է Միջազգային ճգնաժամային խմբի ղեկավարին. առաջիկայում զեկույց կհրապարակվի Արցախի խնդրի վերաբերյալ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ Ռոբերտ Մալլիին:

ՄՃԽ ղեկավարը նախագահ Սարգսյանին է ներկայացրել կազմակերպության գործունեության ուղղությունները եւ իրականացվող հետազոտությունները։ Նա նշել է, որ Միջազգային ճգնաժամային խումբը նախկին բարձրաստիճան դիվանագետների ու պետական պաշտոնյաների, հեղինակավոր փորձագետների ու վերլուծաբանների միավորող կառույց է, որը զբաղվում է հակամարտությունների ուսումնասիրմամբ, վերլուծում դրանց շուրջ զարգացումները եւ հրապարակում զեկույցներ, հաշվետվություններ, ինչպես նաեւ առաջարկներ ներկայացնում դրանց կարգավորման վերաբերյալ: Նշվել է, որ առաջիկայում զեկույց կհրապարակվի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ:

Կարեւորելով հակամարտության շուրջ անկողմնակալ փորձագիտական վերլուծությունները՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ դրանք կնպաստեն միջազգային հանրության կողմից հակամարտության եւ դրան առնչվող գործընթացների վերաբերյալ օբյեկտիվ ընկալումների ձեւավորմանը:

ԱՎԵԼԻՆ