Ռուսաստանյան ՔԿՀ-ներում հնարավոր է արգելափակվի բջջային կապի ազդանշանները

Ռուսաստանի ՆԳՆ-ն ծրագրում է մինչեւ 2020 թվականի հուլիսի 30-ը միջոցներ մշակել քրեակատարողական հաստատություններում բջջային կապի ազդանշաններն արգելափակելու համար։ Այս մասին չորեքշաբթի ասել է ՌԲԿ պարբերականը՝ հղում կատարելով գերատեսչության կոլեգիայի նոյեմբերի 1-ի նիստի արդյունքներին ծանոթ աղբյուրին։

ՌԲԿ տվյալներով՝ նախարարության աշխատակիցները պետք է միջոցներ ձեռնարկեն Պատիժների կատարման դաշնային ծառայության (ՊԿԴԾ), Անվտանգության դաշնային ծառայության եւ Ռոսկոմնադզորի հետ միասին։ Ինչպես կարծում են ՆԳՆ-ում, դա կօգնի պայքարել տարբեր հանցագործությունների, այդ թվում խարդախության դեմ։

Ինչպես տեղեկացնում է ՌԲԿ-ն, Պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Խինշտեյնը մտադիր է ստորին պալատ մտցնել օրինագիծ, որը թույլ կտա անջատել բջջային կապի որոշ համարներ օպերատորների միջոցով։ «Կապի միջոցների օգտագործման թեման ազատազրկման վայրերում չափազանց հրատապ է։ Բջջային հեռախոսների օգնությամբ դատապարտյալները կարող են ոչ միայն խարդախություններ կատարել, այլեւ ճնշումներ գործադրել վկաների վրա, համակարգել հանցավոր խմբավորումներին եւ այլն»,- պարբերականը մեջբերում է պատգամավորի խոսքերը։

Ինչպես չորեքշաբթի Թվիթերում գրել է Խինշտեյնը, օրինագիծն արդեն արժանացել է կապի եւ հաղորդակցությունների նախարարության եւ Պատիժների կատարման դաշնային ծառայության հավանությանը։ «Միակ ճշտումը. համարի արգելումը կատարվելու է Պատիժների կատարման դաշնային ծառայության տարածքային մարմնի պետի գրավոր մոտիվացված դիմումի համաձայն»,- գրել է նա։

2016 թվականի մարտին ՆԳՆ-ն արդեն առաջարկել էր արգելել բջջային օպերատորներին ծառայություններ մատուցել քրեակատարողական հաստատություններում։ ՊԿԴԾ-ն այն ժամանակ առաջարկել էր մեկուսարանների եւ ուղղիչ գաղութների պետերին օժտել  հաստատությունների տարածքում կապն արգելելու իրավունքով։ Ինչպես նշել է Ռուսաստանի ՊԿԴԾ առաջին փոխտնօրեն, ներքին ծառայության գեներալ-լեյտենանտ Անատոլի Ռուդիյը, ծառայությունը մշակել է օրինագիծ, որը «ազատազրկման վայրերի պետերին լիազարում է դադարեցնել կապի ծառայությունների մատուցումը» ոչ միայն հաստատությունների տարածքում լուրջ արտակարգ դրության ժամանակ, այլեւ «ռեժիմի ապահովման նպատակով»։

ԱՎԵԼԻՆ