Գենդերային հավասարություն ինտերնետ ոլորտում առայժմ չկա.ՄԱԿ

Երկիր մոլորակի բնակչության կեսից ավելին կամ 4,1 մլրդ մարդ ինտերնետ հասանելիություն ունի, բայց գենդերային հավասարություն այս ոլորտում առայժմ չկա։ Ցանցից օգտվելու հնարավորություն չունի կանանց 52 տոկոսը, ասվում է երեքշաբթի Ժնեւում հրապարակված Էլեկտրակապի միջազգային միության (ԷՄՄ) «Թվային զարգացման չափում. փաստեր եւ թվեր, 2019 թվական» զեկույցում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Ընդհանուր առմամբ, աշխարհում ինտերնետից օգտվողների բաժինը կազմում է կանանց 48 եւ տղամարդկանց 58 տոկոսը։ Կանանց համեմատ ավելի շատ տղամարդիկ են ինտերնետն օգտագործում աշխարհի տարբեր շրջաններում, բացի Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաներից, որտեղ այս առումով գրեթե հավասարություն կա»,- փաստում է ԷՄՄ-ն։ Զեկույցում ընդգծվում է, որ «թվային գենդերային տարբերությունը» կրճատվել է ԱՊՀ եւ Եվրոպայի տարածքում, բայց այն միաժամանակ աճում է Աֆրիկայում, արաբական պետություններում եւ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։

«Այն ամենամեծն է զարգացող երկրներում, հատկապես պակաս զարգացած պետությունների խմբում»,- նշում են զեկույցի հեղինակները։ Դրանում հրապարակված քարտեզից երեւում է, որ հավասարություն ձեռք է բերվել յուրաքանչյուր չորրորդ երկրում, մասնավորապես՝ Ռուսաստանում, Բելառուսում, Լեհաստանում, ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Բրազիլիայում եւ Արգենտինայում։ Միեւնույն ժամանակ, աշխարհի երկրների մեծ մասում, ներառյալ Չինաստանը, Հնդկաստանը, Ֆրանսիան եւ Գերմանիան, համաշխարհային ցանցից ավելի շատ օգտվում են տղամարդիկ։ Ի դեպ, աշխարհում կան պետություններ (8 տոկոս), որտեղ ցանցից ավելի շատ օգտվում են կանայք։ Դրանք են, մասնավորապես, Կուբան, Մոնղոլիան, Նորվեգիան, Մեծ Բրիտանիան եւ Իռլանդիան։

ԷՄՄ-ն ուշադրություն է հատկացնում «ինտերնետի շարունակվող գլոբալ ընդլայնմանը». 2018-2019 թվականներին օգտատերերի թիվն ավելացել է 5,3 տոկոսով։ «Հիմա դրանից օգտվում է 4,1 մլրդ մարդ, այսինքն՝ մոլորակի բնակչության 53,6 տոկոսը»,- նշվում է զեկույցում։ Փորձագետները հիշեցնում են, որ 2005-ին ինտերնետը հասանելի է եղել բնակչության 16,8 տոկոսին։ Այդ ժամանակվանից ամեն տարի աճի տեմպերը կազմել են միջինը 10 տոկոս, բայց վերջին տարիներին դրանք դանդաղել են, եւ աշխարհի որոշ շրջաններում «հագեցածություն է տիրում»։

«Համաշխարհային սարդոստայնի» հասանելիություն չունի մոլորակի 3,6 մլրդ բնակիչ։ Նրանց մեծ մասը ամենաքիչ զարգացած երկրների քաղաքացիներն են, որտեղ միջինը տասից երկուսն է օնլայն։ Եվրոպայում գրանցվել է ինտերնետ հասանելիության ամենաբարձր մակարդակ՝ 82,5 տոկոս, Աֆրիկայում ամենացածր՝ 28,2 տոկոս։ ԷՄՄ գնահատականներով՝ 2019 թվականի վերջին աշխարհում ընտանիքների 57 տոկոսը տանը ինտերնետ հասանելիություն կունենա։ Գործերն այնքան էլ լավ չեն անհատական համակարգիչների հետ կապված։ Ակնկալվում է, որ դրանց թիվը ընտանիքներում ընթացիկ տարում կավելանա ընդամենը մեկ տոկոսով, եւ այդ ցուցանիշը կկազմի 49,7 տոկոս։

ԷՄՄ տվյալներով՝ այժմ Երկրի բնակչության 96 տոկոսը գտնվում է շարժական բջջային կապի հասանելիության գոտում։ 93 տոկոսի համար դա 3G կամ հաջորդ սերնդի ցանցն է։ Եվրոպայում, Արեւմտյան կիսագնդում եւ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ծածկումը կազմում է 95 տոկոս, արաբական երկրներում՝ 91, ՍՊՀ տարածքում՝ 88, Աֆրիկայում՝ 79 տոկոս։

ԱՎԵԼԻՆ