Առկա է մեր ընդհանուր արժեքների արժեզրկում. Իսկ ՀՀ-ում հեղափոխության հիմքում եվրոպական մոդելն էր. ԱԳ նախարար

Ես պնդում եմ, որ Արեւելյան գործընկերությունը հարեւանություն չէ, այլ այն Եվրոպայի արեւելյան հատվածն է. եվ հենց դրանում է Արեւելյան գործընկերության կարեւորությունը: Այս մասին Արեւելյան գործընկերության 10-ամյակին նվիրված «ԱլԳ նոր քաղաքական տեսլականը» խորագրով նախարարական հանդիպման ժամանակ իր ելույթում նշել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Նրա խոսքով, այն Եվրոպայի արեւելքը չէ, այլ ընկած է Եվրոպական Միության արեւելքում, իսկ Եվրոպական Միությունն ամբողջ Եվրոպան չէ:

«Մյուս կարեւորագույն մարտահրավերն արժեքների, ընդհանուր արժեքների պահպանումն է: Մենք պետք է ընդունենք, որ առկա է մեր ընդհանուր արժեքների արժեզրկում: Այո, ես ներկայացնում եմ մի երկիր, որտեղ մեծ իրադարձություն է տեղի ունեցել՝ անցյալ տարվա թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը: Դա հնարավոր եղավ ընդհանուր արժեքներին հավատարիմ լինելու շնորհիվ: Այս 28 տարիների ընթացքում՝ սկսած Հայաստանի անկախությունից, մենք հայտարարել ենք դրա մասին: Եղել են բազմաթիվ սայթաքումներ, մենք անցել ենք բազում դժվարությունների, ողբերգության միջով, սակայն հնարավոր եղավ իրականացնել նմանօրինակ հեղափոխություն, որովհետեւ ձեւավորվել էր համապատասխան հիմք, եւ եվրոպական մոդելը, եվրոպական ընդհանուր արժեքներն ընկած էին դրա առանցքում: Աստիճանաբար ձեւավորվել էր մի սերունդ, որը ունակ եղավ դուրս գալու եւ իրականացնելու այդ հեղափոխությունը»,-ասել է նախարարը:

Նա հավելել է, որ մյուս կողմից ընդհանուր արժեքներն ենթարկվում են մեծ ճշնման եւ ոչ միայն Արեւելյան գործընկերության շրջանակներում. «Այն, ինչ վերաբերում է ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին, մեր հաշվետվողականությանը ժողովրդի առջեւ. դրանք շատ նպաստավոր են հակամարտությունների լուծման համար՝ ի տարբերություն ավտորիտար ռեժիմների: Մենք նաեւ պետք է ուշադրություն դարձնենք այն հանգամանքի վրա, թե ինչ է կատարվում ընդհանուր արժեքների առումով, ինչ է տեղի ունենում Եվրոպայում: Դրա մասին պետք է շատ բաց խոսենք:

Ոչ ազատական ժողովրդավարությունների երեւույթը նույնպես արժանի է դիտարկման: Դուք բոլորդ տեղյակ եք Բրեքսիթի մասին: Դա Եվրոպական Միության վերջը չէ, այլ վկայում է Եվրոպայի բազմազանության մասին: Ուստի՝ սա այն է, ինչ մեզ դարձնում է մեծ պատկերի մի մասնիկ»:

ԱՎԵԼԻՆ