Տիգրան Ավինյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը եւ ինովացիոն զարգացումը. գաղափարներ, տեխնոլոգիա եւ շուկաներ» պանելային քննարկմանը

Չինական Շանհայ քաղաքում այսօր՝ նոյեմբերի 5-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է Խոնցյաոյի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում անցկացվող «Արհեստական բանականությունը եւ ինովացիոն զարգացումը. գաղափարներ, տեխնոլոգիա եւ շուկաներ» պանելային քննարկմանը, հայտնում են Տիգրան Ավինյանի գրասենյակից: Տիգրան Ավինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 70-ամյակի կապակցությամբ: Անցած տասնամյակների ընթացքում Չինաստանը նշանակալի հաջողություններ է գրանցել տնտեսական զարգացման, մարդու բարեկեցության, գիտության եւ տեխնոլոգիաների բնագավառներում: Համոզված եմ, որ երկրի առաջխաղացումը ապագայում կշարունակվի` նպաստելով իր քաղաքացիների եւ աշխարհի համար լրացուցիչ արժեքի ստեղծմանը:

Մարդկության պատմությունը մշտապես մրցավազք է եղել տեխնոլոգիական զարգացման ավելի բարձր աստիճանի հասնելու համար: Առաջին անգամ այս մրցավազքը ավելի շատ հնարավորություններ է ստեղծում, քան վտանգներ եւ անվտանգության երկընտրանքներ չի առաջադրում: Մի պետության նվաճումը մյուսի պարտությունը չէ: Ինովացիաների եւ տեխնոլոգիական առաջխաղացման մրցավազքը բերում է մասսայական գիտելիքի ստեղծմանը, որը խելացի կերպով օգտագործվելու դեպքում կարող է օգտակար լինել բոլորի համար:

Քաղաքակրթության զարգացման այս փուլը պատմական էվոլյուցիայի հերթական հանգրվան չէ, այլ հեղափոխական ցատկ, որը տանում է դեպի մի նոր աշխարհ: Սա վերափոխման գործընթաց է, որի շնորհիվ մարդիկ կազատվեն առօրյա ձանձրալի աշխատանքից: Արհեստական բանականությունը եւ այլ բեկումնային տեխնոլոգիաները զգալիորեն կմեծացնեն մեր կարողությունները եւ հնարավորություն կտան կենտրոնանալ ստեղծարար գործունեության վրա:

Զարգացման ներկա փուլը յուրահատուկ է նաեւ նրանով, որ տեխնոլոգիան հանդես է գալիս որպես հնարավորությունները հավասարեցնող գործիք: Չնայած ինովացիան մշտապես եղել է հեռատես եւ փոփոխություններ բերող մարդկանց ապրելակերպը՝ այն սովորաբար նպաստել է միայն սահմանափակ երկրների զարգացմանը: Այժմ, բոլորը հնարավորություն ունեն քաղել արհեստական բանականության օգուտները: Թե՛ Չինաստանի նման մեծ պետությունները, թե՛ Հայաստանի նման փոքրերը համաշխարհային էկոհամակարգին առաջարկելու բան ունեն եւ մենք պետք է նպաստենք, որպեսզի յուրաքանչյուր պետություն իր տեղը գտնի: Ավելին, որեւէ պետություն միայնակ չի կարող ամբողջությամբ օգտագործել արհեստական բանականության տված հնարավորությունները, քանի որ հաջողության բանալին ոչ միայն ֆինանսական եւ մտավոր կարողություններն են, այլեւ ցանցերը. մարդկանց ու գաղափարների ցանցերը, որոնք սփռված են ամբողջ աշխարհով մեկ:

Այս համաշխարհային գործընթացների մաս կազմելով՝ Հայաստանը մեծ մարդկային կապիտալով փոքր պետության հրապուրիչ օրինակ է, որը օգտագործում է թվային դարաշրջանի հնարավորությունները: Մենք արտադրում էինք Խորհրդային միության պաշտպանական արդյունաբերության կողմից օգտագործվող միկրոէլեկտրոնիկայի 30%-ը՝ բնակչության ընդամենը 1,5%-ը կազմելով: Սա այն ամուր հենարանն է, որի վրա հիմնվելով` 21-րդ դարում նորացնում ենք մեր ներուժը եւ պատրաստվում տեխնոլոգիական ցատկին՝ զարգացող երկրից դեպի զարգացած երկրի կարգավիճակ:

Մենք ընտրել ենք արհեստական բանականությունը եւ տվյալագիտությունը մեր վերելքը առաջնորդելու համար: Նվազ կապիտալատար լինելով քան բնական գիտությունների, տեխնոլոգիաների, ճարտարագիտության եւ մաթեմատիկայի (STEM) այլ խոշոր ոլորտները՝ արհեստական բանականությունը եւ տվյալագիտությունը հնարավորություն են ընձեռնում համեմատաբար սահմանափակ ռեսուրսներով տեխնոլոգիական զարգացման բարձր մակարդակի հասնել: Այսօր կարող ենք հպարտորեն նշել, որ հայկական «Picsart», «Renderforest», «2Hz», «SuperАnnotate» եւ այլ ընկերությունները արհեստական բանականության եւ տվյալագիտության ոլորտներում նոր խոսք են ասում:

Այնուամենայնիվ, մենք դեռ երկար ուղու սկզբում ենք գտնվում: Տեխնոլոգիական վերափոխման գործընթացը արագացնելու համար մենք պետք է կառավարությունը դիտարկենք ոչ միայն որպես ինովացիաներն օգտագործող եւ խթանող, այլ նաեւ որպես ինովացիաներ ստեղծող: Այդ իսկ պատճառով Հայաստանի ունի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, որը ոլորտի զարգացման նպատակային քաղաքականություն է մշակում: Նշեմ նաեւ, որ ինովացիոն քաղաքականությունը չի գործում վակուումում, այն պահանջում է հատուկ կանոնակարգեր եւ ենթակառուցվածքներ: Առաջին հերթին խոսքը կրթության մասին է: Կրթական համակարգում մեծ կարեւորություն ենք տալիս բնական գիտությունների, տեխնոլոգիաների, ճարտարագիտության եւ մաթեմատիկայի (STEM) ոլորտի առարկաներին, ինչի մասին են վկայում, օրինակ, դպրոցների մեծամասնությունում ինժեներական լաբորատորիաների առկայությունը եւ երկրի ութ համալսարաններում «STEM» ոլորտի մասնագիտությունների առկայությունը: Ավելին, որդեգրելով կլաստերային մոտեցում` հիմնել ենք տեխնոպարկեր եւ ինժեներական քաղաք, ինչպես նաեւ պլանավորում ենք ինովացիոն թաղամասեր ստեղծել: Այս ամենի արդյունքում նպատակ ունենք միանալ աշխարհի ամենաինովացիոն երկրների ցանկին:

Վերափոխման ճանապարհին մենք աշխարհն ընկալում ենք ելնելով հաղթանակ-հաղթանակ մոտեցումից, այսինքն՝ մեկի ձեռքբերումը մյուսի կորուստը չէ: Կարծում եմ, որ համաժողովը հիանալի հնարավորություն է քաղաքականություն մշակողների, գործարարների եւ տեխնոլոգիական առաջնորդների համար միմյանց հետ փորձառությամբ կիսվելու համար: Համաժողովը նաեւ լավ հնարավորություն է հանձնառություն ստանձնելու առ այն, որ ֆինանսական, մտավոր եւ սոցիալական կապիտալը պետք է օգտագործվի` զարգացման ինովացիոն եւ բոլորի համար շահավետ համաշխարհային օրակարգ սահմանելու համար:

ԱՎԵԼԻՆ