Ենթադրում եմ, որ Ողջի գետի աղտոտվածության հարցով քրեական պատասխանատվություն կլինի.նախարար

Ենթադրում եմ, որ Ողջի գետի աղտոտվածության հարցով քրեական պատասխանատվություն կլինի: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը՝ անդրադառնալով նրան, որ Արծվանիկի պոչամբարի մետաղյա խողովակաշարի վթարի հետեւանքով հոսքաջրերը լցվել էին Ողջի գետը:

Նրա խոսքով, Հայաստանում բնապահպանական իրավախախտումների մասով Բնապահպանական եւ ընդերքի տեսչական մարմինն է ամբողջ վարչարարությունն իրականացնում. «Յուրաքանչյուր խախտում, որին դուք ականտես եք լինում, ուղիղ հասցեատերը տեսչական մարմինն է: Այդ մարմինը Ողջի գետում նմուշառումն իրականացրել է, հետազոտություններն իրականացրել է, անալիզները վերցրել է»:

Հարցին, թե ի՞նչ է պարզվել այդ անալիզների արդյունքում, նախարարը պատասխանեց. «Որոշակի մետաղների, ալյումին, երկաթի կոնցենտրացիաները գերազանցում են սահմանային թույլատրելի չափաքանակները: Մի քանի հետազոտություն կա, որ օրգանական մասով է եւ մեկ օրում հնարավոր չէ իրականացնել, 3-4 օր է տեւում: Ենթադրում եմ, որ դեռ չեն ավարտել: Վնասը հաշվարկվում է կառավարության որոշմամբ սահմանված կարգով, բանաձեւերով: Եթե վնասը գերազանցում է որոշակի  չափաքանակ, ապա քրեական պատասխանատվություն է նախատեսված աղտոտողների համար: Եթե ոչ, վարչական պատասխանատվություն է ենթադրում:

Այն տվյալները, որոնք ես տեսնում եմ, թեեւ վերջնական հաշվարկը դեռ չկա, ենթադրում եմ, որ այո, վնասը գերազանցում է եւ քրեական պատասխանատվություն կլինի: Եթե վնասը գերազանցում է չափը, դա փոխանցվում է դատախազություն, եւ դատախազությունն արդեն քրգործի շրջանակներում իր գործունեությունն է իրականացնում: Գետում ծանր մետաղներ են, որոնք օրգանիզմների համար, էկոհամակարգերի համար որոշակի վնասակարություն են ենթադրում՝ կախված իրենց խտությունից»:

Հարցին, թե որքան պետք է լինի վնասը, որ գործը փոխանցվի դատախազությանը, նախարարը պատասխանեց, որ  օրենսդրության մեջ այստեղ ոչ հստակություն կա. «Էական վնասն այս պարագայում քրեական օրենսգրքով նշված է 500-ապատիկի չափով, այսինքն 500 հազար դրամ»:

Ինչ վերաբերում է բնությանը պատճառված մնասի վերականգմանը, Էրիկ Գրիգորյանը նշեց, որ պատկան մարմինները կարող են սեփականատերերին պարտավորեցնել բնությունը բերել նախկին տեսքին:

Հարցին, թե պետական որ մարմինն է պատասխանատվության ենթարկվելու, որ պատշաճ չի վերահսկել, որ նման դեպքեր չլինեն, Էրիկ Գրիգորյանն արձագանքեց. «Նման վթարների համար պատասխանատուները կոնկրետ տնտեսվարողներն են, սակայնկան պետական որոշակի լծակներ՝ լինեն իրականացվող տեխնիկական անվտանգությունը, տեսչական ստուգումները, նրանք պետք է ընթացիկ գործունեություն իրականացնեն: Քաջարանից 32 կմ խողովակաշարով պոչամբարի ամբողջ խյուսը մղվում է Արծվանիկի պոչամբար: Այդ համակարգը կառուցվել է 1977 թվականին: նախկինում եւս վթարներ եղել են եւ որոշակի խնդիրներ, այո կան»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ի վաղ առավոտյան հայտնի է դարձել, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի թափոնները լցվել են Ողջի գետը, ինչի հետեւանքով գետը դարնչագույն է դարձել: Մինչ փրկարարների ժամանումը վերականգնման աշխատանքներ են իրականացվել:

ԱՎԵԼԻՆ